Ոչ մի մեղմացման մասին խոսք լինել չի կարող, որովհետև մենք մեր դիրքորոշումները «Խաղաղության խաչմերուկ» նախագծում ներկայացրել ենք շատ վաղուց. հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Ադրբեջանի կողմից միջանցք պահանջելու վերաբերյալ հարցին։
«Մենք մեր դիրքորոշումները «Խաղաղության խաչմերուկ» նախագծում գրավոր ներկայացրել ենք շատ վաղուց, այդ թվում՝ այն նպատակով, որ ամենատարբեր մեկնաբանություններ չլինեն։ Այդ ծրագրի շրջանակներում մենք սկսել ենք աշխատանքները և շարունակելու ենք։ Գրավոր առաջարկին գրավոր պատասխան չենք ստացել։ Կան այլևայլ մեկնաբանություններ, բայց նաև կարծում եմ, որ պետք է պրոցեսը ճիշտ հասկանանք։ Ցանկացած նախագիծ իրականացման ընթացքում ունի նրբություններ և դրանց շուրջ պետք է աշխատել»,- նշել է Փաշինյանը։