Գյումրիի նախկին քաղաքապետ, ՏԻՄ ընտրություններում ՀԿԿ ցուցակը գլխավորած Վարդան Ղուկասյանն ավագանու նիստում առաջադրվել է համայնքի ղեկավարի պաշտոնում։ Այլ առաջադրումներ չեղան։
Ղուկասյանն իր ելույթում հայտարարեց, որ համայնքի բյուջեն ավելացնելու է. «Խոսք եմ տալիս, կտեսնեք»։ Ղուկասյանը նաև ասաց. «Ես ուզում եմ որդեգրել մի սկզբունք, որ եթե քաղաքի շահը ուզում է ետ պահել միանշանակ ինքը հասարակության ու աստծո առաջ պատասխան կտա: ...Ես քաղաքական հենարան չունեմ, իմ քաղաքական հենարանը ճշմարտությունն է, որի տերն Աստված է: Պետք է լծվենք այս աշխատանքին, որը շատ ծանր է»:
Ավագանու ընդդիմադիր «Մեր քաղաքը», «Իմ հզոր համայնք» և «Մայր Հայաստան» խմբակցությունները հայտարարեցին իրենց ձայնը Կոմկուսի թեկնածու Վարդան Ղուկասյանին տալու մասին։
Հիշեցնենք, որ ՔՊ խմբակցությունը չի մասնակցում ավագանու առաջին նիստին։
Գյումրիի քաղաքապետի փակ-գաղտնի քվեարկությունը տեղի կունենա այսօր։
Հիշեցնենք, որ Գյումրիում կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքում ոչ մի քաղաքական ուժի չի հաջողվել ստանալ մեծամասնության քվեն: ՔՊ-ն ստացել է 14 մանդատ, Հայաստանի կոմունիստական կուսակցությունը` 8 մանդատ, «Մեր քաղաքը» դաշինքը` 6 մանդատ, «Իմ հզոր համայնք» կուսակցությունը` 3 մանդատ, «Մայր Հայաստան» դաշինք՝ 2 մանդատ: