«Ռազմավարական առումով՝ անվտանգության ապահովման միակ հուսալի երաշխիքը խաղաղությունն է». հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով խաղաղության համաձայնագրին։
«Մենք մտել ենք համաձայնագրի ստորագրման շուրջ քննարկումների փուլ, և հայտարարել եմ՝ պատրաստ եմ Հայաստանի ժողովրդի անունից իմ ստորագրությունը դնել համաձայնագրի տակ»,- ասել է նա։
Անդրադառնալով համաձայնագրի ստորագրման համար Ադրբեջանի առաջ քաշած նախապայմանների՝ վարչապետը նշել է, թե ԵԱՀԿ ՄԽ լուծարման հարցը «հասկանալի օրակարգ է» Հայաստանի համար․
«Եթե մենք փակում ենք ԼՂ հակամարտության էջը, իսկ մենք դա անում ենք, ի՞նչ իմաստ ունի հակամարտությամբ զբաղվող կառույցի գործունեությունը։ Բայց ԵԱՀԿ ՄԽ-ն, դե ֆակտո, ունի ավելի լայն համատեքստ, և ուզում ենք համոզված լինել, որ Ադրբեջանը ՄԽ լուծարումը չի դիտարկում որպես ՀՀ-Ադրբեջան հակամարտությունը Ադրբեջանի տարածքում փակելուն և ՀՀ ինքնիշխան տարածք տեղափոխելուն ուղղված քայլ»,- ասել է նա՝ հիշեցնելով, որ Ադրբեջանին առաջարկել են ԵԱՀԿ ՄԽ լուծարման դիմումը ստորագրել խաղաղության համաձայնագրին զուգահեռ։