Թվում է՝ բոլորն ամեն ինչ գիտեն, ճանաչում են մեղավորներին, բայց, այնուամենայնիվ, նրանք դեռևս անպատիժ են. ԱԺ-ում այսօր ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանը՝ հարց ուղղելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ գուցե գործիքակազմը վերանայելու կարի՞ք կա։
Վարչապետն արձագանքեց. որոշ դեպքերում մարդկանց մի մասի ուզածը հաշվեհարդարն ու վրեժն է, բայց չի պատկերացնում դա Հայաստանում։
«Դժվար է, հեշտ չէ, բայց դժվար է ոչ թե նրա համար, որ հոգ ենք տանում թալանչիների համար, այլ հոգ ենք տանում մեզ համար, որ մեր պետությունում ինստիտուտ կայացվի։ Մենք ինչ ասես՝ կարանք անենք, բայց դրանից ի՞նչ ենք դառնալու՝ որպես հանրությւոն ու որպես պետություն։ Կան այդպիսի երկրներ և մարդիկ, որոնք ուզում են մեր երկիրը տանել այդ ճանապարհով։ Կան, որ պատերի տակ շարում են, գնդակահարում, ասում են՝ էս ինչ լավ էր, սիրտս հովացավ, հետո հասկանում են, որ երկրի փոխարեն ստացել են խորշ, գոմ։ Կան այդպիսի երկրներ, նույնիսկ գլուխները վերցրել, պարել են, բայց արդյունքում ի՞նչ, հետո՞»,- մասնավորապես ասաց Նիկոլ Փաշինյանը։