Քաղաքական

Համընդհանուր հայտարարագրման համակարգի չեղարկման նախագիծը չընդգրկվեց ԱԺ օրակարգ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Կողմ 27, դեմ 59, 1 ձեռնպահ ձայներով Ազգային ժողովը մերժեց «Հայաստան» խմբակցության նախագիծն ընդգրկել ԱԺ օրակարգ։

Ընդդիմադիր խմբակցությունն առաջարկում էր չեղարկել համընդհանուր հայտարարագրումը Հայաստանում։

Քվեարկությունից առաջ վարման կարգով ելույթում Արթուր Խաչատրյանը նշեց, որ հայտարարագրման նախագիծը հավելյալ հարկեր մտցնելու նպատակ է հետապնդում. «Ձեր կարծիքով՝ կառավարությունը հետաքրքրությւոնից դրդվա՞ծ է ուզում 300 հազարից ավելի փոխանցումների մասին տեղեկություններ ստանալ։ Ոչ, հաջորդը հարկվելու են արտագնա աշխատանքի մեկնողները, հետո գյուղատնտեսությամբ զբաղվողները։ Սա քերելու մշակույթն ամրապնդելու օրենք է»։ 

ՔՊ խմբակցությունից Վահագն Ալեքսանյանն արձագանքեց. «Ընդդիմության նպատակը մեկն է. այնպես անել, որ հնարավորինս քիչ քաղաքացի կարողանա օգտվել սոցիալական կրեդիտներից։ Այս պահի դրությամբ 12 հազարից ավելի քաղաքացի ստացել է միջինում 90 հազար դրամ հետվերադարձ։ Ընդդիմությունն ուզում է էնպես անել, որ այդ թիվը հնարավորինս քիչ մեծանա»

Արծվիկ Մինասյանը 20 րոպե ընդմիջում խնդրեց։ ԱԺ նիստն ընդմիջվեց, ինչից հետո տեղի ունեցավ քվեարկությունը։ 

Հիշեցնենք, որ կառավարությունը մարտի 13-ի նիստի ժամանակ բացասական եզրակացություն էր տվել ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգի կիրառությունը չեղարկելու նախագծին։