Քաղաքական

Պետք է թույլ չտալ, որ պատերազմի դրվագը վերադառնա այս տարածաշրջան. Իրանի փոխարտգործնախարար

Իրանը և Հայաստանը ցույց են տվել իրենց վճռականությունը տարբեր ոլորտներում իրենց հարաբերությունները զարգացնելու հարցում: Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարարի առաջին տեղակալ Մաջիդ Թախտե Ռավանչին՝ Region Monitor-ին տված հարցազրույցում: Իրանի ԱԳ նախարարի առաջին տեղակալը հարցազրույցում անդրադարձել է Հայաստան-Իրան հարաբերություններին, ինչպես նաև՝ մի շարք տարածաշրջանային և գլոբալ հարցերի:

Հարգելի պարոն Ռավանչի,  ինչպե՞ս կգնահատեք Իրան-Հայաստան հարաբերությունների ներկա մակարդակը։ Ի՞նչ նոր ծրագրեր եք նախատեսում իրականացնել Հայաստանի հետ։ Արդյո՞ք կա հեռանկար համագործակցությունն ավելի բարձր մակարդակի հասցնելու և այն փաստաթղթով ամրագրելու հարցում։

– Իրանը և Հայաստանը լավ հարևաններ են: Մենք վայելում ենք երկու երկրների միջև պատմականորեն գոյություն ունեցող լավ հարաբերությունները: Հայ և իրանցի ժողովուրդներն ավանդաբար լավ հարաբերություններ են ունեցել: Մենք կարծում ենք, որ առկա է մեծ ներուժ, որը պետք է օգտագործվի երկկողմ հարաբերությունները բարելավելու համար: Առևտրի ոլորտում շատ բաներ կան, որոնք կարող են շահեկան լինել տնտեսական հարաբերություններն ընդլայնելու տեսանկյունից: Ինչպես նաև մշակույթի ոլորտում կան համագործակցության հեռանկարներ։ Ինչպես օրինակ կարող են լինել, ուսանողների, պրոֆեսորների փոխանակման ծրագրերը ևս:

Բացի այդ, մենք կարծում ենք, որ կան այնպիսի ոլորտներ, որոնք պետք է լրացուցիչ ուսումնասիրել: Օրինակ տրանսպորտային անցումների առումով, որոնք կարող են կապել երկու երկրներին իրենց հարևանների հետ: Իմ կարծիքով կա մեծ ներուժ, որը կարող է օգտագործվել: Ժողովուրդների փոխանակումը՝ տուրիզմը, ևս մեկ ոլորտ է, որը կարող է դիտարկելի լինել երկու կողմերի համար: Այսպիսով, կան բազմաթիվ հարցեր, բազմաթիվ ոլորտներ, որոնց վրա պետք է ուշադրություն դարձնեն երկու երկրները, որպեսզի կողմերի միջև առկա լավ հարաբերություններն ավելի զարգանան և ընդլայնվեն:

Տեսնում ենք, որ երկու կողմերի մոտ առկա է հետաքրքրություն և կան շփումներ երկու երկրների պաշտոնյաների՝ արտաքին գործերի նախարարների և նախագահների միջև:  Այսպիսով, ամեն ինչ պատրաստ է երկկողմ հարաբերությունները բարելավելու համար, և ոչ միայն երկկողմ, մենք կարծում ենք, որ միջազգային ասպարեզում ևս կարող ենք ավելի մեծ համագործակցություն ունենալ, օրինակ Միավորված Ազգերի կազմակերպության և այլ միջազգային ֆորումներ շրջանակներում: Մենք հավատում ենք, որ կան շատ հնարավորություններ, որոնք պետք է բացահայտվեն, և ինչպես ասացի, Իրանը և Հայաստանը ցույց են տվել իրենց վճռականությունը տարբեր ոլորտներում իրենց հարաբերությունները զարգացնելու հարցում:

Արդյո՞ք հնարավոր է ռազմավարական հարաբերությունների վերաբերյալ փաստաթղթի ստորագրում, կա՞ այդպիսի հնարավորություն:

– Ըստ իս՝ ինչու ոչ: Մենք կարծում ենք, որ պետք է մեր ջանքերը կենտրոնացնենք այդ ուղղությամբ, և կարծում եմ, որ այդ միտումը կա, երկու կողմերն էլ ցույց են տվել հետաքրքրություն այդ փաստաթղթի ուղղությամբ շարժվելու համար: Ես կարծում եմ, որ մենք պետք է աշխատենք լավ փաստաթղթի վրա, որը կարող է լինել ավելի լավ հենակետ՝ ռազմավարական հարաբերություններ ունենալու համար: Գուցե և ժամանակ պահանջվի լավ փաստաթուղթ պատրաստելու համար, սակայն ես հավատում եմ, որ քանի դեռ երկու կողմերն էլ ցույց են տալիս իրենց հետաքրքրվածությունը, մենք պետք է աշխատենք ավելի քրտնաջան՝ այդ նպատակին հասնելու համար:

Հարգելի պարոն Ռավանչի, ինչպես գիտեք ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստն ամբողջովին փոխհամաձայնեցված է, սակայն Ադրբեջանը հրաժարվում է ստորագրել այդ փաստաթուղթը։ Կան փորձագիտական տեսակետներ, որ Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել-Ադրբեջան համագործակցությամբ ռազմական գործողություններ կարող են սկսվել։ Եվ կարծիք կա, որ Ադրբեջանը այդ ամենով պայմանավորված է խուսափում ստորագրել համաձայնագիրը, քանի որ Իրանի դեմ հնարավոր պատերազմի ընթացքում ՀՀ-ից տարածքներ կարող է օկուպացնել և, որպես օրինակ, դա կարող է լինել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի բացումը»: Ինչպե՞ս եք գնահատում դրա հավանականությունը։

– Երբ մենք լսեցինք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը վերջնականացվել է, մենք շատ ուրախացանք, որովհետև երկար տարիներ արյան և թշնամանքից հետո այժմ ժամանակն է, որ երկու երկրները կենտրոնացնեն իրենց ուշադրությունը երկու ազգերի ապագան կառուցելու վրա: Եվ մենք կարծում ենք, որ որքան շուտ նրանք կարողանան ստորագրել այս համաձայնագիրը, այնքան ավելի լավ կլինի թե երկու երկրների, թե տարածաշրջանի համար: Մենք չենք ցանկանում միջամտել նրանց գործերին: Նրանք իրենք պետք է որոշեն, թե ինչ անել, բայց մեր գնահատմամբ, որքան շուտ այս փաստաթուղթը հնարավոր լինի ստորագրել, այնքան ավելի լավ, որովհետև անցյալն անցյալ է: Մենք պետք է կենտրոնանանք ապագայի վրա: Կան շատ հնարավորություններ, որոնք երկու երկրների՝ Հայաստանի և Ադրբեջանի համար կարող են օգտագործվել: Մենք որպես հարևան երկրներ պատրաստ ենք խթանել երկու ազգերին: Իրանը որպես երկիր, որը բարիդրացիական հարաբերություններ ունի թե՛ Հայաստանի և թե՛ Ադրբեջանի հետ, պատրաստ ենք անել ամեն բան, որ կարող ենք՝ հեշտացնելու այն աշխատանքը, որը պետք է իրականացվի համաձայնագիր ստորագրելու համար: Կարծում ենք, որ երկու ազգերը պետք է օգտագործեն այս հնարավորությունը: Այս պահին, երբ փաստաթուղթը պատրաստ է, ավելի լավ է ստորագրել այն և շարժվել դեպի ապագա:

Մենք հույս ունենք, որ այս դրվագը մնացել է անցյալում: Պետք է թույլ չտալ, որ պատերազմի և հակամարտության դրվագը վերադառնա այս տարածաշրջան: Հույս ունենք, որ դա այդպես կլինի:

Շարունակելով խոսել վերոնշյալ փորձագիտական գնահատականների և կանխատեսումների մասին՝ Ադրբեջանի կողմից հնարավոր ագրեսիայի հետ կապված։ Կա՞ արդյոք նման հնարավորություն:

– Մենք դեմ ենք ցանկացած սահմանային փոփոխության։ Մենք դեմ ենք յուրաքանչյուր պետության տարածքային ամբողջականության նկատմամբ որևէ անհարգանքի։ Մենք դեմ ենք տարածաշրջանի աշխարհաքաղաքականության փոփոխությանը։ Ոչ մի նման սցենարի կարիք չկա։ Հարևան երկրները պետք է հարգեն միմյանց տարածքային ամբողջականությունը, պետք է հարգեն միմյանց ինքնիշխանությունը, և երբ այս սկզբունքը հարգված է, միակ բանը, ինչի վրա իրենք պետք է ուշադրություն դարձնեն, դա դիտարկելն է, թե ինչպես կարող են աշխատել միմյանց հետ։ Հետևաբար Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմամբ ապագայում պետք է բացվի ավելի մեծ համագործակցության պատուհան, որովհետև ի վերջո ռազմական լուծումը իրական լուծում չէ, և այդ իսկ պատճառով մենք խրախուսել ենք երկու կողմերին ստորագրել համաձայնագիրը։ Ինչպես ասացի, մենք հույս ունենք, որ նրանք կօգտագործեն այս հնարավորությունը, որովհետև ռազմական հարցերը ժամանակավոր են, այս դարում որևիցեք մեկը չի կարող ապավինել ռազմական ուժին՝ մեկ այլ երկրի տարածքները գրավելու համար։ Հետևաբար, մենք հույս ունենք, որ երկու կողմերը կօգտագործեն այս հնարավորությունը և կաշխատեն ավելի լավ հարաբերություններ հաստատելու համար՝ նվիրված հաջորդ սերունդներին։

Ինչպե՞ս է Իրանը վերաբերվում Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը, և որոնք են նրա հիմնական մտահոգություններն ու ակնկալիքները տարածաշրջանային հաղորդակցությունների բացման հարցում։

– Մենք կողմ ենք տարբեր երկրների միջև կապերի հաստատմանն այս տարածաշրջանում։ Իրանի երկաթուղային համակարգը, Իրանի ճանապարհները հասանելի են Հայաստանին ինչպես հարևան երկրներ, այնպես էլ Պարսից ծոց և Օմանի ծով հասնելու համար։ Նույնը գործում է նաև հակառակ ուղղությամբ։ Հայ պաշտոնյաների հետ մեր շփումների ընթացքում տեսել ենք հետաքրքրություն, որ Հայաստանը նույնպես պատրաստ է համագործակցել Իրանի հետ՝ թույլ տալով իր տարածքն օգտագործել Իրանի և Հայաստանի հարևան երկրների միջև առևտրի համար։ Այսպիսով, կապուղիների հարցը կարևոր հարց է այս օրերին, և Իրանն ու Հայաստանը, կողմ են իրենց հարաբերությունների ընդլայնմանն այս ոլորտում ևս։ Այսպիսով, Իրանի և Հայաստանի հարևանների միջև անհրաժեշտ կապուղիների ստեղծումը նպատակահարմար է, և Իրանի համագործակցությունը Հայաստանի հետ՝ թույլ տալով Հայաստանին հասնել Պարսից ծոց, Օմանի ծով և Իրանի մյուս հարևան երկրներ՝ առևտրի տեսանկյունից, մի բան է, որը կարծում ենք պետք է արվի, և մենք պատրաստ ենք համագործակցել Հայաստանի հետ այս ոլորտում նույնպես։

Պարոն փոխնախարար, Ի՞նչ ուղղությամբ և ինչպե՞ս կարող են ընթանալ Իրան-ԱՄՆ բանակցությունները և դրա արդյունքներով արդյո՞ք հնարավոր կլինի դիվանագիտական գործարքի հասնել, թե՞ չի բացառվում նաև ռազմական առճակատման հնարավորությունը։

– Մենք հետաքրքրված չենք ռազմական բախմամբ։ Չնայած նրան, որ մենք ինքներս մեզ պատրաստել ենք յուրաքանչյուր հնարավոր իրադարձության, մեր ուշադրությունը կենտրոնացած է պատերազմից և հակամարտությունից հեռանալուն, որովհետև վերջիվերջո, ոչ ոք չի կարող հաղթել։ Ռազմական բախման արդյունքում բոլորն են պարտվելու։ Բայց, ինչպես ասացի, մենք պատրաստ ենք պաշտպանելու ինքներս մեզ։ Մենք ցույց ենք տվել մեր վճռականությունը մեր երկիրը պաշտպանելու գործում, և կարծում եմ, որ մեր հակառակորդները շատ լավ գիտեն, թե Իրանն ինչպես կարող է դիմադրել և պաշտպանել ինքն իրեն: Ինչ վերաբերվում է Իրանի և ԱՄՆ-ի միջև առկա հարաբերությունների ներկայիս վիճակին. այն մտահոգիչ է: Նախագահ Թրամփը նամակ է ուղարկել մեր գերագույն առաջնորդին և մենք պատասխանել ենք այդ նամակին և հիմա մենք այս փուլում ենք։ Այս պահին այսքանը կարող եմ ասել: Տեսնենք, թե որն է լինելու հաջորդ քայլը։ Մենք ասել ենք, որ պատրաստ ենք միջնորդավորված բանակցությունների մասնակցել ԱՄՆ-ի հետ։ Այժմ տեսնենք, թե ինչպիսին կլինի վերջին հաղորդագրության արձագանքը, որն ուղարկել ենք Վաշինգտոն։

Ի՞նչ կասեք, ինչպե՞ս է Իրանը վերաբերում Հարավային Կովկասում Թուրքիայի և Ռուսաստանի աճող ազդեցությանը:

– Բոլորը պետք է հարգեն յուրաքանչյուր պետության տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը։ Սա ներառում է նաև Հարավային Կովկասի տարածաշրջանը։ Նորմալ հարաբերությունների առկայությունը հարևանների միջև անհրաժեշտ մի բան է, որովհետև յուրաքանչյուր պետություն ունի իր առաջնահերթությունները, և քանի դեռ միջազգային իրավունքի հարգանքը պահպանվում է, քանի դեռ պահպանում է յուրաքանչյուր պետության տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը, կարծում եմ, որ չպետք է որևէ մտահոգություն լինի տարածաշրջանային երկրների միջև կապերի և լավ հարաբերությունների հարցում։ Սակայն միջազգային իրավունքը պետք է լինի օրվա կանոնը։ Միջազգային իրավունքի նկատմամբ հարգանքը պետք է լինի օրվա կանոնը, և բոլորը պետք է հարգեն այս սկզբունքը, որը տարբեր ազգերի միջև ամուր հարաբերությունների հիմնաքարն է:

Ինչպե՞ս է Իրանը գնահատում իր հարաբերությունները Ադրբեջանի հետ, հատկապես վերջին լարվածություններից հետո:

– Ինչպես ավելի վաղ նշեցի, Ադրբեջանի հետ մենք լավ հարևաններ ենք, ունենք լավ հարաբերություններ և ավանդաբար վայելել ենք լավ հարաբերություններ: Կարծում ենք, որ բազմաթիվ հնարավորություններ կան, որոնք պետք է ուսումնասիրենք նաև Ադրբեջանի հետ։ Եվ այս տարածաշրջանի բոլոր երկրները պետք է աշխատեն միասին և գործեն համատեղ: Այս կերպ մենք կկարողանանք օգտագործել այն հնարավորությունները, որոնք հասանելի են բոլորիս։ Հարավային Կովկասն ու Իրանը պետք է աշխատեն միասին, քանի որ մենք ապրում ենք նույն հարևանությամբ ու ունենք միմյանց կարիքը և ամենևին նշանակություն չունի փոքր կամ մեծ պետություն լինելը։ Մեր երկրի անվտանգությունը հարևան երկրի անվտանգությունն է: Ուստի, մենք կարծում ենք, որ, թեև մենք որոշակի տարբերություններ ենք տեսնում որոշ հարևան երկրներ միջև, մենք հավատացած ենք, որ կարևորն այն է, որ այս տարածաշրջանի բոլոր երկրները համագործակցեն՝ հարաբերությունների զարգացման համար, ինչը ի վերջո օգուտ կբերի ողջ տարածաշրջանին։