ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը համաձայն չէ իշխանությունների պնդման հետ, թե ադրբեջանական կրակոցները հասցեական չեն․
«Սահմանին ապրող մարդիկ ամենօրյա ռեժիմով զգում են կրակոցները։ Իմիջիայլոց, կամ թիրախային են կրակում, կամ եթե օդ են կրակում, հենց այնպես չեն անում»,- ասել է նա՝ հավելելով, որ դա արվում է վախի մթնոլորտ սերմանելու համար։
Անդրադառնալով ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ֆորմատը լուծարելու՝ ադրբեջանական առաջարկին, Գրիգորյանը հիշեցրել է, որ դա ոչ Ադրբեջանի, ոչ Հայաստանի իշխամությունները չեն ստեղծել, ձևավորվել է ԼՂ հակամարտության կարգավորման համար․ «Սա այն ֆորմատն է, որի միջոցով հնարավոր կլիներ լուծել մեր խնդիրները»։
Գրիգորյանը քննադատել է նաև իշխանություններին, որ Անթալիայի դիվանագիտական ֆորումի ժամանակ ԱԳ նախարարը չի անդրադարձել Ադրբեջանում պահվող գերիների խնդրին․ «Գերիների մասին ընդհանրապես որևէ խոսք չկար այդ ֆորումի ժամանակ, երբ Ադրբեջանը նախապայմաններ է դնում, իր պահանջները ներկայացնում, մենք ԱԳ նախարարի կողմից չլսեցինք մեր տարածքների, մեր գերիների վերաբերյալ հարցը»։