Քաղաքական

«Հարգանքի տուրք ենք մատուցում Մարաղայի ջարդերի զոհերի հիշատակին»․ ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳ նախարարությունը X-ի միկրոբլոգում գրառում է արել` անդրադառնալով Մարաղայի ջարդերին։

«1992թ. ապրիլի 10-ին Մարաղա գյուղի խաղաղ բնակիչները ենթարկվեցին լիակատար էթնիկ զտման. ավելի քան 50 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 30 կին, սպանվեցին ադրբեջանական զորքերի կողմից, իսկ 5000 մարդ բռնի տեղահանվեց: Պատանդ են վերցվել 29 կին և 9 երեխա, 19-ի ճակատագիրը դեռևս անհայտ է: Այս վայրագությունները լավ փաստագրված են Human Rights Watch-ի  և Amnesty International-ի զեկույցներում։  

Մարաղայի կոտորածին հանգեցրած վարքագծի ձևերը՝ էթնիկ ատելությունը, անպատժելիությունը, պատերազմական հանցագործությունների փառաբանումը, հայկական մշակութային օբյեկտների ավերումը և բռնի տեղահանումը, նախկինում արձանագրվել են 1988-1990 թվականներին՝ Սումգայիթում, Կիրովաբադում և Բաքվում և այլ վայրերում հայերի ջարդերի ժամանակ:

Այսօր, հարգանքի տուրք մատուցելով Մարաղայի ջարդերի զոհերի հիշատակին, հիշեցնում ենք, որ նման ոճրագործությունները կանխելու և հարատև խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է հրաժարվել ատելության խոսքից և խրախուսել մարդու հիմնարար իրավունքների նկատմամբ հարգանքը»,-ասված է գրառման մեջ։