ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը երեկ Factor.am-ի հետ զրույցում կարծիք էր հայտնել, որ ՔՊ-ն Գյումրիում քաղաքապետի թեկնածու կառաջադրի․ «Պետք է առաջադրել, քանի որ հավաքել ենք ամենաշատ ձայները, և մենք գնացել ենք էնտեղ, որ թեկնածություն առաջադրենք»,- նշել էր Սիմոնյանը։ Իսկ լրագրողի դիտարկմանը, թե ՔՊ-ի ձայները պակասում են, և չի ընտրվելու ՔՊ-ի թեկնածուն, Սիմոնյանն արձագանքել էր. «Ի՞նչ գիտեք՝ չի ընտրվելու»։
Գյումրիի քաղաքապետի թեկնածու, Հայկոմկուսի ցուցակը գլխավորած Վարդան Ղուկասյանը, որի շուրջ միավորվել են ավագանու ընդդիմադիր մյուս ուժերը, Radar Armenia-ի հետ զրույցում անդրադառնալով իշխանության ներկայացուցչի հայտարարությանը, նշեց՝ ամսի 16-ը կգա, կտեսնենք․ «Չգիտեմ․ ով հանկարծ սխալ բան արեց՝ իրենց տերերից բռնած, կասեմ՝ ով է գործունեություն կատարում, և ով է նրանց ետևում կանգնած։ Ես դա կբարձրաձայնեմ ողջ Հայաստանով մեկ, և բոլորը կտեսնեն՝ ընդդիմության ետևն ովքեր են կանգնած, և ովքեր են սարքում էս ամեն ինչը։ Ես հիմա նստած՝ սպասում եմ»,- ասաց Ղուկասյանը։
Հիշեցնենք, որ մարտի 30-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքում անցողիկ շեմը հաղթահարել է 5 ուժ, սակայն նրանցից ոչ մեկին չի հաջողվել ստանալ մեծամասնության քվեն։ Գյումրու ավագանի են անցել ՔՊ, «Իմ հզոր համայնք», Հայաստանի կոմունիստական կուսակցությունները, «Մեր քաղաքը» և «Մայր Հայաստան» դաշինքները։
Նշենք, որ 3 ուժեր հայտնել են, որ իրենց ձայները տալու են Վարդան Ղուկասյանին։