Քաղաքական

Արսեն Թորոսյանը գործընկերներին հրավիրել է COP17-ին

Միջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովի շրջանակում ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արսեն Թորոսյանը հանդիպել է Միջխորհրդարանական միությունում Բրազիլի պատվիրակության ղեկավար Կլաուդիո Կաժադու Սամպայոյի հետ:

Արսեն Թորոսյանը վերահաստատել է Լատինական Ամերիկայի երկրների հետ կապերն ամրապնդելու Հայաստանի հանձնառությունը՝ ընդգծելով տարբեր ոլորտներում համագործակցության չօգտագործված ներուժը:

Հանդիպմանը կողմերը բարձր են գնահատել խորհրդարանական դիվանագիտության դերը երկու երկրների միջև փոխգործակցությունը խորացնելու հարցում: Այդ առումով անդրադարձ է կատարվել Հայաստանի և Բրազիլի խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի միջև համագործակցությանը և ընդգծվել փոխայցելությունների կազմակերպման անհրաժեշտությունը:

Արսեն Թորոսյանը շեշտել է միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության կարևորությունը:

Նա ողջունել է Բրազիլի դերն այդ ջանքերում և կարևորել Հայաստանի մասնակցությունը Բելեմում կայանալիք COP30-ին, ինչպես նաև հրավիրել գործընկերներին մասնակցելու 2026 թվականին Երևանում կայանալիք COP17-ին:

Արսեն Թորոսյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը Հարավային Կովկասում խաղաղության ու կայունության հաստատմանը, ինչպես նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև արդեն համաձայնեցված խաղաղության համաձայնագիրը ստորագրելու պատրաստակամությունը: