Գյումրու ընտրությունների մասնակից «Իմ հզոր համայնք» դաշինքում երրորդ հորիզոնականն զբաղեցրած Մշակույթի վաստակավոր գործիչ Սուսաննա Մկրտչյանը հրաժարվել է մանդատից։ Radar Armenia-ի հետ զրույցում նա նշեց, որ խուսափել է ընտրված մասնակիցներից որևէ մեկին ձայն տալ։
- Ո՞րն էր մանդատը չվերցնելու որոշման պատճառը։
- Երբ ինձ առաջարկվեց լինել ընտրական ցուցակում, ես համաձայնեցի, քանի որ իրեն վաղուց եմ ճանաչում, իմ աշակերտն է եղել։ Ես արվեստի մարդ եմ, ասացի՝ քաղաքականության հետ կապ չունեմ, ասաց՝ չէ, Դուք գործ չունեք դրա հետ։ Ասացի՝ եթե անցնեք, միայն մեր մշակութային հարցերով եմ պատրաստ զբաղվել։ Պայման էի դրել, որ քարոզարշավին չմասնակցեմ։ Բայց հետո անսպասելի բաներ եղան։ Նախ. առողջական խնդիրներ ունեցա, բացի այդ՝ ես մարդ եմ, ով ո՛չ վեճ է սիրում, ո՛չ անհաշտություն։ Մտածեցի՝ ամենաթանկն իմ առողջությունն է, կարծում եմ՝ ես այդտեղ չէի կարողանա գլուխ հանել այն դեպքում, երբ մարդիկ կարող է անհաշտ լինեն, վիճեն։ Որոշեցի՝ մանդատից հրաժարվել։
- Դուք դե՞մ եք եղել ձայները Վարդան Ղուկասյանին տալուն, դա ազդե՞լ է Ձեր մանդատը չվերցնելու որոշման վրա։
- Չէ, բոլորովին։ Ես ոչ մի բանի չեմ ուզում խառնվել։ Ռուբենն էլ երևի չէր նախատեսել, որ իր ձայները պետք է Վարդան Ղուկասյանին տար։ Ես էլ չգիտեի։ Ես ընտրված ուժերից ոչ մեկին չեմ սատարում։ Եթե խաղաղ լիներ, ես կաշխատեի։ Ենթադրում եմ, որ խիստ անհաշտություն է լինելու, իսկ դրա մեջ ես չեմ դիմանա։ Ոչ կարող եմ կռվել, ոչ՝ անպատվել։
- Այս ընտրություններում իշխանության համար պայքարն էր կարծես գերակշռում, քաղաքի խնդիրները կարծես ստվերում մնացած լինեին։ Նման բան նկատե՞լ եք։
- Իհարկե, արդեն ստացվել էր այնպես, որ ոչ թե քաղաքի համար էին պայքարում, այլ իրար դեմ։ Քաղաքի մասին մտածող չկար։ Ես իմ հոգին պետք է դնեմ աշխատանքի մեջ, բայց եթե կա նման հակամարտություն, ես այդտեղ չեմ կարող լինել։ Մեր քաղաքը ժամանակին ունեցել է 4-5 կինոթատրոն, հիմա մի կինոթատրոն նույնիսկ չունենք, համերգային սրահ, ցուցասրահ չունենք։ Մտածում էի՝ կամաց-կամաց առաջարկություններ կանեմ, առաջ կտանեմ, մշակույթը կզարգացնեմ։ Մեր երեխաները շատ քիչ բան են տեսնում, մտածում էի՝ օգուտ կարողանամ տալ, բայց որ չի ստացվում, այլ ձև կանեմ։
- Կարծում եք՝ այս ընտրությունների արդյունքում ձևավորված ՏԻՄ-ն ու ընտրված քաղաքապետը չե՞ն կարողանա մշակույթը զարգացնել։
- Ես Սարիկի հետ շփում չեմ ունեցել, մի անգամ վերջերս խոսեցի, վերջում հարցրեց ազգանունս։ Այդ մարդն ինձ չի ճանաչում, ես էլ իրեն։ Արտաքինից համակրելի մարդ է, կարծում եմ՝ եթե լավ թիմ ունենար, իր շրջապատը մեծ լիներ, կարող էր աշխատել, ուղղակի անփորձ է։ Իսկ Վարդան Ղուկասյանը իմ հարևանն է, ինձ շատ հարգում է, ինքը խարիզմատիկ մարդ է, կարող է շատ բան ասել, բայց խոսքերից կառչելը սխալ է։ Բայց խուսափել եմ որևէ մեկին ձայն տալ, դրա համար էլ դուրս եմ եկել։
Անժելա Պողոսյան