Մարդիկ ընտրել են իրենց նմաններին․ այս մասին Radar Armenia-ի հետ զրույցում ասաց Գյումրիում կայացած ընտրություններում «Եվրադաշինք»-ի թեկնածու Լևոն Բարսեղյանն՝ անդրադառնալով ընտրությունների արդյունքներին։
Նրա խոսքով՝ ընտրությունների արդար ու թափանցիկ լինելու մասին խոսելիս 2 խոշոր հարցի վրա պետք է ուշադրություն դարձնել․
«Մեկը քվեարկության ժամանակ եղած կարգուկանոնն է, մյուսը՝ մինչև քարոզարշավը եղած ռեսուրսների օգտագործումը։ Հիմնական մեղքը Փաշինյանինն է, որ չկարողացավ ապահովել ապօրինի գույքի վերադարձ պետությանը, իսկ այդ ապօրինի գույքն աշխատեց հասարակական կարծիք ձևավորելու համար, ներառյալ՝ մեդիայի միջոցով։ Միայն քվեարկության օրը տեղամասերում օրինախախտումների բացառումը դեռ ազատ և արդար կամարտահայտում չէ։ Քաղաքացիներն ընտրեցին էնպես, ինչպես կամեցան»,- նշեց Բարսեղյանը։
Վերջինս ընդգծեց, որ պետությունը ազատ կամքի ձևավորում ապահովելու համար պետք է ապօրինի ձեռք բերված կապիտալը վերցներ, մտցներ պետական համակարգ, ինչը չի արվել․
«Մարդիկ, որոնք սրբել, կերել են Հայաստանի ունեցվածքը, կապիտալիզացրել որպես սեփականություն, օգտագործում են իրենց միջոցները ընտրողների կամքը ձևավորելու հարցում։ Ապօրինի գույքում աշխատում են մարդիկ, օրինակ, հյուրանոցում, որը հիմա պետությունը հետապնդում է, որ իբր վերադարձնի։ Դրա աշխատողներին կարիք կա՞ ասելու՝ ում պիտի ընտրեն, կամ կաշառք տալ, որ ընտրեն սեփականատիրոջը։ Այս ծավալը Հայաստանում ահռելի թիվ է՝ մոտավորապես 120 հազար աշխատատեղ, որն ունի հարակից ընտրողներ՝ ընդհանուր մոտ 300 հազար։ Դրա մի մասը Գյումրիում է։ Այդ կապիտալի մեջ նաև որոշ լրատվամիջոցներ կան, որ հանրային կարծիք են ձևավորում։ Այն պնդումը, որ եթե քվեարկության օրը խախտումներ չեն եղել, ուրեմն ընտրություններն ազատ ու արդար են, սխալ է։ Հիմա մեզ նման մարդիկ մոտ 2 հազար են, ճշգրիտ թիվը չեմ կարող ասել։ Ամեն մեկն իր նմանին է ընտրել։ Նախկինում ուղղակի կեղծիքների մեծ մասը տեղի էր ունեցել տեղամասում՝ ծեծում էին, լցոնում, կեղծում։ Սա է տարբերությունը»,- մանրամասնեց Բարսեղյանը։
Անդրադառնալով Գյումրիի ավագանու կազմ չանցնելուն՝ Բարսեղյանը նշեց. խնդիր չի տեսնում․ «Մենք մեր գաղափարներն ենք առաջարկել, քաղաքացիները որոշել են, որ դրանք իրենց հետաքրքիր չեն։ Մենք դրանից չենք տուժել, մեր տեղերում նստած շարունակում ենք աշխատել»։
Բարսեղյանը բացառեց, որ առկա արդյունքներով հնարավոր է ստեղծել այնպիսի ՏԻՄ, որը կկարողանա զարգացնել Գյումրին․
«Անհնար է, որովհետև բոլորի նախընտրական ծրագրերը ուսումնասիրել եմ, գիտեմ՝ ինչպես է լինելու։ Նրանք, որոնք եղել են իշխանություն, հատկապես՝ Ղուկասյան Վարդանը, Սարիկ Մինասյանը, ակնհայտորեն որևէ հույս չեն ներշնչում։ Մյուսների ծրագրերում շատ պոպուլիզմ կա. կարող ենք այս անել, այն անել, բայց հարցնում ես՝ չգիտեն ինչ միջոցներով են անելու։ Քաղաքն արժանացել է իր ընտրյալներին։ Քաղաքացիների խնդիրն է դա»,- եզրափակեց մեր զրուցակիցը։
Հիշեցնենք, որ Գյումրիում մարտի 30-ին կայացան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Անցողիկ շեմը հաղթահարել է 5 ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Սարիկ Մինասյանը ստացել է 17 հազար 183 քվե (36.24%), Հայաստանի կոմունիստական կուսակցության թեկնածու Վարդան Ղուկասյանը՝ 9 հազար 727 քվե (20.51%), «Մեր քաղաքը» դաշինքի թեկնածու Մարտուն Գրիգորյանը՝ 7 հազար 380 քվե (15.56%), «Իմ հզոր համայնք» կուսակցության թեկնածու Ռուբեն Մխիթարյանը՝ 3 հազար 734 քվե (7.87%), «Մայր Հայաստան» դաշինքի թեկնածու Կարեն Սիմոնյանը՝ 2 հազար 902 քվե (6.12%)։
«Եվրադաշինք»-ը հավաքած 2071 ձայներով 6-րդն է (4.50 տոկոս), «Ապրելու երկիր» կուսակցությունը 1658 ձայներով 7-րդն է (3.60 տոկոս), «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը 1387 ձայներով և 8-րդն է (3.01 տոկոս), իսկ «Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունը հավաքել է 642 ձայն և 9-րդն է (1.39 տոկոս)։