Մարտի 30-ին Գյումրիում կայանալիք ավագանու արտահերթ ընտրություններին պայքարը կընթանա 9 քաղաքական ուժի՝ 6 կուսակցության և 3 դաշինքի միջև։
Դաշինքներն են՝ «Մայր Հայաստան», «Մեր քաղաքը», «Եվրադաշինք», նաև մասնակցում են հետևյալ կուսակցությունները՝ «Քաղաքացիական պայմանագիր», Կոմունիստական կուսակցություն, «Ապրելու երկիր», Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցություն, «Դեմոկրատական այլընտրանք», «Իմ հզոր համայնք»։
Ավագանու 33 մանդատների համար պայքարում է 372 թեկնածու:
Radar Armenia-ն ներկայացնում է Գյումրի համայնքում առաջադրված կուսակցություններն ու դաշինքները գլխավորող թեկնածուներին։
1- «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակում 99 թեկնածու է ընդգրկված։ Այն գլխավորում է Գյումրու քաղաքապետի պաշտոնակատար Սարիկ Մինասյանը։

Մինասյանը ՔՊ կուսակցության անդամ է, 2024 թվականի դեկտեմբերին մասնակցել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից Գյումրիում կազմակերպած փրայմերիզին, և դրանից հետո, 2024թ դեկտեմբերի 13-ին, ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Գյումրի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար։
2022 թվականի հուլիսի 8-ից մինչև 2024 թվականի դեկտեմբեր 13-ը զբաղեցրել է ՀՀ սոցհարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության Գյումրու տարածքային կենտրոնի տնօրենի պաշտոնը։ Մինասյանը 2018 թվականին ընտրվել է ԱԺ պատգամավոր «Լուսավոր Հայաստան» կուսակցության թիվ 11 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով։
2- Կոմունիստական կուսակցության ցուցակը, որը գլխավորում է Գյումրու նախկին քաղաքապետ, անկուսակցական Վարդան Ղուկասյանը, բաղկացած է 33 հոգուց։

Վարդան Ղուկասյանը 1999-2008թթ. չորս անգամ ընտրվել է քաղաքապետ։ Եղել է ՀՀԿ անդամ, ՀՀԿ խորհրդի անդամ։
Ղուկասյանը 2017 թվականի ապրիլի 2-ին «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի թիվ 11 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով ընտրվել է ԱԺ պատգամավոր։ 2018 թվականի դեկտեմբերի 9-ին պատգամավոր է ընտրվել ԲՀԿ ցուցակով։
Ղուկասյանը հայտնի է տարբեր սկանդալային արտահայտություններով։ Նրա պաշտոնավարման օրոք իր դեմ մահափորձ էր կազմակերպվել՝ Երևանից Գյումրի վերադառնալիս։ Նա դրանում մի քանի անգամ անուղղակի մեղադրել է ՀՀԿ-ին։
Գյումրին 13 տարի ղեկավարած Վարդան Ղուկասյանը վերջին տարիներին անցնում է ապօրինի գույքի բռնագանձման և իր պաշտոնավարմանն առնչվող քրեական մի քանի գործերով։ Ղուկասյանին մեղադրանք էր առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու 38 դրվագներով։ Ըստ իրավապահների` Ղուկասյանը 2001-2011 թվականների ընթացքում ուղղակի վաճառքով կամ աճուրդով պետական ու համայնքային մի շարք հողամասեր ու շենքեր է օտարել իրեն կամ այլ անձանց։ Ընդ որում, եղել է գույք, որի օտարումն ընդհանրապես օրենքով արգելված էր։
3- «Ապրելու երկիր» կուսակցություն․ 30 հոգանոց ցուցակը գլխավորում է ավագանու նախկին անդամ Կարեն Մալխասյանը։

Կարեն Մալխասյանը սոցապ ծառայությունում աշխատանքային փորձ ունի։ 2019-2021թթ․ եղել է սոց․ ապահովության պետական ծառայության Գյումրու տարածքային բաժնի պետ, 2021թ. ապրիլ-նոյեմբերին՝ միասնական սոցիալական ծառայության Գյումրու տարածքային կենտրոնի տնօրեն։
2021թ․ նոյեմբերից Կարեն Մալխասյանը եղել է Գյումրի համայնքի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավարը, իսկ 2023թ․ ապրիլի 22-ին ընտրվել «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ։
4- «Մայր Հայաստան» դաշինքն ունի 56 հոգանոց ցուցակ, որը գլխավորում է գործարար Կարեն Սիմոնյանը։

Կարեն Սիմոնյանը գործարար է, «Մենք» նախաձեռնության հիմնադիրը։ Ֆեյսբուքյան էջով հրապարակված տեսանյութի միջոցով կենսագրությունը ներկայացնելիս նշել է, որ ծառայել է ԶՈւ հատուկ նշանակության զորքերում:
«Խորհրդակցել եմ ընկերներիս, թիմակիցներիս և բազմաթիվ գյումրեցիների հետ, որոշել եմ մասնակցել ընտրություններին: Այս որոշումս ամրապնդվեց «ազատ տնտեսական գոտու» ծրագրի ստորագրահավաքի ընթացքում, որտեղ 7500 գյումրեցի աջակցություն հայտնեց և պատգամեց, որ տեր կանգնենք այդ ծրագրին»,-տեսաուղերձում նշել է նա։
5- Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունն ունի 32 հոգանոց ցուցակ, քաղաքապետի թեկնածուն Արտյոմ Թումանյանն է։

Թումանյանը «Ազգային անվտանգային վերահսկողական կոմիտե» հկ նախագահն է, նախկին երգիչ, որի՝ Գյումրվա ֆայտոնում նկարահանված «Մարդ գյումրեցի» վերնագիրը կրող տեսահոլովակը կարճ ժամանակահատվածում դարձավ համացանցի հիթ:
Նշենք նաև, որ պրոդյուսեր, դատարանի դահլիճում մահացած Արմեն Գրիգորյանի դեմ քրեական վարույթը հարուցվել էր հենց Արտյոմ Թումանյանի դիմումով։ Վերջերս նա հայտարարել էր, որ եթե մայրաքաղաքային իշխանությունները լավ աչքով չնայեն Գյումրիին, քաղաքի մուտքը անցագրով կդարձնի։
6-«Եվրադաշինքն» ունի 25 հոգանոց ցուցակ, որը գլխավորում է Լևոն Բարսեղյանը։

Լևոն Բարսեղյանը լրագրող է, հասարակական գործիչ, հրապարակախոս։ 1999-2000թթ. մի խումբ անձանց հետ հիմնադրել է ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը, որի խորհրդի նախագահն է։ 2012 թվականին մեծամասնական համակարգով ընտրվել է Գյումրի համայնքի ավագանու անդամ։ Գյումրու ավագանու անդամ է եղել 2012-2016 թվականներին։ Առաջադրվել է «Եվրադաշինք» նախընտրական դաշինքից, որի կազմում ընդգրկված էին Եվրոպական, «Հանրապետություն» և «Հանուն հանրապետության» կուսակցությունները։
7- «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը ունի 23 հոգանոց ցուցակ, այն գլխավորում է Արտյոմ Ղարաղազարյանը։

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության համայնքապետի թեկնածուն գործարար, անկուսակցական Արտյոմ Ղարաղազարյանն է։
Ղարաղազարյանը 2016-2021թթ. եղել է Գյումրու ավագանու անդամ: 2020թ.-ից «Բնաքար» ՍՊԸ-ի տնօրենն է: Գյումրու արտահերթ ընտրություններին մասնակցում է «Ճիշտ Գյումրի, ճիշտ քաղաք» կարգախոսով։
8- «Մեր քաղաքը» դաշինքն ունի 34 հոգանոց ցուցակ. այն գլխավորում է Մարտուն Գրիգորյանը։

2001-2003թթ. եղել է «Տրանս-ակնթարթ» ՍՊԸ աշխատակազմի ղեկավար: 2003-2007թթ.՝ նույն ՍՊԸ տնօրեն։
2007թ. մայիսի 12-ին պատգամավոր է ընտրվել թիվ 34 ընտրատարածքից: 2009-2015թթ. եղել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ: Պատգամավոր է ընտրվել նաև 2012թ. ընտրություններում՝ լինելով ԲՀԿ խմբակցության անդամ։
Նա 2022թ. պատգամավոր է դարձել «Պատիվ ունեմ» դաշինքի ցուցակով։ Ի դեպ, Գրիգորյանը 2008 թվականին ևս մասնակցել էր Գյումրու քաղաքապետի ընտրություններին։
9- «Իմ հզոր համայնք» կուսակցության ցուցակը բաղկացած է 40 թեկնածուից. քաղաքապետի թեկնածուն Ռուբեն Մխիթարյանն է։

Ռեժիսոր, պրոդյուսեր, հասարակական գործիչ Ռուբեն Մխիթարյանը 20 տարի մասնագիտական գործունեություն է ծավալել «Արմենիա» հեռուստաընկերությունում. 1999 թ.՝ որպես սովորական սցենարիստ, իսկ արդեն 2012թ.՝ հեռուստաալիքի գլխավոր պրոդյուսեր: Ռուբեն Մխիթարյանը «Հայաթ փրոջեքթ» երաժշտական խմբի երգերի հեղինակն է։