Քաղաքական

Վարչապետի մոտ մի շարք օրինագծեր են քննարկվել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում` «Կիբեռանվտանգության մասին», «Հանրային տեղեկությունների մասին» և «Բնակչության պետական ռեգիստրի մասին» օրենքների նախագծերի շուրջ:

Հանդիպման շրջանակում ներկայացվել են վերոնշյալ ոլորտների օրենսդրական կարգավորման անհրաժեշտությունը, շրջանակը, մեխանիզմները, ազդեցությունն ու արդյունքները:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը ներկայացրել է «Կիբեռանվտանգության մասին» օրենքի նախագիծը՝ նշելով, որ ոլորտի կարգավորման անհրաժեշտությունը բխում է հանրային կառավարման ռիսկի, տնտեսական վնասի, գործառնական խափանման, վստահության կորստի լուծման անհրաժեշտությունից: Ընդգծվել է, որ օրենքի ընդունումն ու կիրարկումն զգալիորեն կբարելավի Հայաստանի կիբեռդիմակայության մակարդակը հետևյալ հինգ հենասյուններով՝ իրավական, տեխնիկական, կազմակերպչական, կարողությունների և համագործակցության: Մանրամասներ են ներկայացվել նախագծով առաջարկվող կարգավորման շրջանակի և ազդեցության վերաբերյալ: Ներկայացվել է, որ նախագծի հիմքում դրվել է քաղաքացիակենտրոն ծառայություններ մատուցելու քաղաքականությունը և կարգավորման շրջանակը տարածվում է կենսական նշանակության ծառայությունների և կրիտիկական ենթակառուցվածքների վրա:

Հաջորդիվ՝ Տեղեկատվական համակարգերի գործակալության տնօրեն Ներսես Երիցյանը ներկայացրել է «Հանրային տեղեկությունների մասին» օրենքի նախագիծը՝ ընդգծելով, որ կարգավորման նպատակը միասնական թվային ճարտարապետության վրա հիմնված քաղաքականությունն է, որի շրջանակում հանրությանը և յուրաքանչյուր անձին թվային անվտանգ միջավայրում կամ բաց տեղեկությունների քաղաքականության իրականացման միջոցով կմատուցվեն արդյունավետ ու որակյալ ծառայություններ, կիրականացվի հանրային հսկողություն՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների պարտականությունների նկատմամբ: Անդրադարձ է կատարվել պետական տեղեկատվական համակարգի ձևավորմանը, նշվել է, որ այն ներառելու է դրա կառավարման համակարգը, ծառայությունների միասնական և փոխգործելիության հարթակները, տվյալների շտեմարանները և աջակցող համակարգերը:

ՀՀ ներքին գործերի փոխնախարար Արմեն Ղազարյանը մանրամասներ է ներկայացրել «Բնակչության պետական ռեգիստրի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ՝ նշելով, որ օրենսդրական նախագծի հիմնական նպատակն է ձևավորել ՀՀ քաղաքացիների և ՀՀ-ում բնակվելու իրավունք ունեցողների տվյալների միասնական շտեմարան, ձևավորել անձի իրավական ինքնության և նույնականացման հավաստման ամբողջական, վստահելի և միակ ճշմարիտ աղբյուր, ապահովել քաղաքացիներին, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին, ինչպես նաև մասնավոր հատվածին տրամադրվող ստույգ, որակյալ և ճշգրիտ անձնական տվյալներ: Այս նպատակով առաջարկվում է հետևյալ լուծումը՝ ձևավորել անձի վերաբերյալ միասնական ճշմարիտ տեղեկատվության սկզբնաղբյուր` անձի կենսական իրադարձությունների՝ ամբողջական ցիկլի ներառմամբ:

Նախագծերի ներկայացումից հետո, ծավալվել է քննարկում, հանդիպման մասնակիցներն անդրադարձել են օրենքների նախագծերի հիմնական դրույթներին, ներկայացրել իրենց դիտարկումներն ու առաջարկությունները: Ծավալված շահագրգիռ քննարկման արդյունքում հստակեցվել են նախագծերի տարբեր կետերի շուրջ բարձրացված հարցերը:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել արդյունավետ քննարկման համար և հանձնարարել առաջարկվող լուծումները ներառել նախագծերում: