Քաղաքական

«Մենք առանձնահատուկ կարևորում ենք այս այցը». Նուրտլեու

Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը լայն հեռանկարներ է ստեղծում տարածաշրջանից դուրս գտնվող բազմաթիվ երկրների համար՝ օգտվելու Հարավային Կովկասի աշխարհառազմավարական ներուժից:

Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուրատ Նուրտլեուն ընդգծել է, որ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի առաջին պաշտոնական այցը Ղազախստան տեղի է ունենում Բաքվի և Երևանի միջև կարևոր պայմանավորվածությունների հասնելու համատեքստում․

«Մենք մեծապես կարևորում ենք այս այցը և այն համարում Ղազախստանի ու Հայաստանի հարաբերությունների հետագա զարգացման կարևոր փուլ: Ձեր այցը Ղազախստան ընթանում է Ադրբեջանի հետ կարևոր համաձայնությունների ձեռքբերման շրջանում», - նշել է Ղազախստանի արտաքին գործերի նախարարը:

Նա նաև ընդգծել է, որ Բաքվի և Երևանի հավասարակշռված ու պատասխանատու մոտեցումը, ինչպես նաև ամուր քաղաքական կամքը վկայում են երկու երկրների հարաբերություններում նոր էջ բացելու մտադրության մասին: