Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչին հայտարարել է, որ ողջունում են Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի համաձայնեցումը. «Մենք երկու երկրներին խրախուսում ենք, որ հնարավորինս արագ այս վերջնական փաստաթուղթը ստորագրեն»։ Նա նշել է, որ աջակցում են տարածաշրջանի երկրների անկախությունն ու տարածքային ամբողջականությունը, դեմ են միջազգային սահմանների ցանկացած փոփոխությանը և ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխությունների. «Սա Իրանի կայուն դիրքորոշումն է։ Տարածաշրջանային խնդիրները պետք է տարածաշրջանի ներսում երկխոսությամբ ու դիվանագիտությամբ լուծվեն՝ առանց ուժի կիրառման»։ Ըստ նրա, պաշտոնական Թեհրանն իր աջակցությունն է հայտնել ՀՀ վարչապետի ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին, ինչը մեծ հնարավորություններ կստեղծի երկու երկրների հարաբերությունների զարգացման համար․
«Հիանալի զրույց ունեցանք Արաքս գետի վրա նոր կամուրջ կառուցելու մասին»․ ասել է նախարարը՝ հավելելով, որ նոր կամուրջը կդյուրացնի բեռնափոխադրումները: