ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն արձագանքել է խորհրդարանական ընդդիմության քննադատությանը՝ նշելով, որ սահմանազատման հանձնաժողով գոյություն ունի․ «Բոլորով՝ իրական ու ոչ իրական ընդդիմադիրներով, ասում էիք՝ Ադրբեջանը չի ստորագրելու, բայց ստորագրվեց, իսկ այդ սահմաններից ով է առաջ, ով հետ, դրված է խնդիրը»։
Նա հիշեցրել է՝ 44-օրյա պատերազմից հետո կար 153 գերեվարված անձ, այսօր՝ 23-ը. «Նրանցից 12-ը ռազմաքաղաքական ղեկավարներն են, որոնք գերեվարվել են 2023թ․ պատերազմից հետո»,- ասել է նա՝ հավելելով, որ նրանց վերադարձնելու աշխատանքը շարունակվում է, և դա այն հարցը չէ, որ պայմանագրի մեջ արձանագրվեր։ «Պայմանագիրը կարող է ևս երկու տարի չստորագրվել, բայց մեր գերիների հարցում ամեն ինչ արվում է, որ հնարավորինս շուտ վերադառնան։ Դրա համար այդ հարցն այնտեղ դնելու առիթ ու պատճառ չկա»։
Ըստ Սիմոնյանի, հայ-ադրբեջանական համաձայնագրի մեջ չկա կետ, որը միակողմանի է,այլ հավասարապես վերաբերում է թե ՀՀ-ին, թե Ադրբեջանին. «Եթե ասում եք՝ Հայաստանի համար կապիտուլյացիա է, նշանակում է՝ Ադրբեջանի համար ևս կապիտուլյացիա է՝ հավասարազոր»։