Քաղաքական

«Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի Տարոն Մարգարյանի հարցով քննարկմանը

Radar Armenia-ի տեղեկություններով՝ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը վաղը մեկնարկող նստաշրջանում չի մասնակցի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տարոն Մարգարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու՝ Դատախազության ներկայացրած միջնորդության քննարկմանը։

Հիշեցնենք, որ Մարգարյանն այսօր հայտարարություն էր տարածել՝ ընդդիմադիր երկու խմբակցություններին կոչ անելով չմասնակցել քննարկմանը։ Դատախազությունը նաև անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդություն է ներկայացրել խորհրդարան։

Radar Armenia-ն մեկնաբանությունների համար դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանին։ «Ծանոթ ենք Տարոն Մարգարյանի հայտարարությանը։ Երկու հարցերի վերաբերյալ մեր խմբակցության մասնակցության մասին որոշումը կլինի հարցի քննարկումից անմիջապես առաջ»,- ասաց նա։

Մեր տեղեկություններով՝ չի բացառվում, որ Աղազարյանի վերաբերյալ միջնորդության քննությանը «Հայաստան» խմբակցությունն այնուամենայնիվ մասնակցի։