Քաղաքական

«Ադրբեջանի համար անսպասելի էր խաղաղության պայմանագրին արագ համաձայնելը». Թորոսյան

«Առաջին անգամը չէ, որ արձանագրում ենք նման դեստրուկտիվ գործելաոճ»,- հայտարարել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը՝ խոսելով սահմանին կրակոցների մասին Բաքվի մեղադրանքների մասին:

Նրա խոսքով՝ սրանք տեղեկատվական սադրանքներ են: «Դրանց առաջին նպատակը մեր երկրի ներսում կայունությունը խաթարելն է, նման դեպքեր նախկինում էլ ենք ունեցել»,- ասել է նա՝ հիշեցնելով, որ կրակոցների մասին լուրերը հերքել են ոչ միայն ՀՀ ՊՆ-ն, այլև ԵՄ քաղաքացիական դիտորդները: Թորոսյանի կարծիքով՝ Ադրբեջանը փաստեր չի ներկայացնում, քանի որ դրանք գոյություն չունեն: 

«Երկրորդ՝ կարծում եմ, Ադրբեջանի համար խաղաղության պայմանագրի արագ համաձայնեցումը որոշակիորեն անսպասելի էր, և նրանք խնդիր ունեն այդ անսպասելիությունից դուրս գալու: Բացի այդ, հնարավոր է՝ փորձում են տարբեր դերակատարների աչքում իրենց քաղաքական գինը բարձրացնել՝ ցույց տալով, թե Հայաստանն է ապակառուցողական, իսկ իրենք՝ զոհի դերում»,- նշել է նա: Թորոսյանը հավելել է, որ չնայած Ադրբեջանի այս վարքագծին՝ Հայաստանը չպետք է փոխի իր գործելաոճը և տրվի սադրանքներին: