Միջազգային

Ի՞նչ են քննարկել Թրամփն ու Պուտինը

Ավելի քան 1,5 ժամ տևած հեռախոսազրույցի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը։

Կրեմլի մամուլի ծառայությունից հայտնում են՝ Պուտինը Թրամփին տեղեկացրել է, որ մարտի 19-ին ռուսական և ուկրաինական կողմերի միջև 175-ը 175-ի դիմաց գերիների փոխանակում կիրականացվի:

Պուտինն աջակցել է Ռուսաստանի և Ուկրաինայի կողմից էներգետիկ ենթակառուցվածքներին փոխադարձ հարվածներից 30 օրով հրաժարվելու մասին Թրամփի գաղափարը և նման հրաման է տվել զինվորականներին։

30-օրյա զինադադար հաստատելու ԱՄՆ նախագահի նախաձեռնության համատեքստում ռուսական կողմը նախանշել է.

  • Շփման գծի ողջ երկայնքով հրադադարի արդյունավետ վերահսկողության ապահովում
  • Ուկրաինայում հարկադիր մոբիլիզացիան դադարեցնելու անհրաժեշտություն
  • Ուկրաինական ԶՈւ վերազինման վտանգ
  • Սպառազինության մատակարարման դադարեցում այդ շրջանում։

Երկու երկրների նախագահները պայմանավորվել են բանակցություններ սկսել Սև ծովում նավարկության համար անվտանգ միջավայր ապահովելու շուրջ։

Թրամփն աջակցել է Պուտինի՝ ԱՄՆ-ում և ՌԴ-ում հոկեյի խաղեր կազմակերպելու գաղափարը։

NHL-ում և KHL-ում հանդես եկող ռուս և ամերիկացի հոկեյիստները կմրցեն միմյանց դեմ։

Սպիտակ տունն էլ հայտնում է, որ նրանք կիսել են այն տեսակետը, որ Իրանը երբեք չպետք է լինի այնպիսի իրավիճակում, որ կարողանա ոչնչացնել Իսրայելին։

Թրամփը և Պուտինը պայմանավորվել են խաղաղության ճանապարհի հարցում.

  • էներգետիկ և ենթակառուցվածքային հրադադար
  • տեխնիկական բանակցություններ Սև ծովում ռազմածովային հրադադարի նպատակով
  • լիակատար զինադադար
  • հարատև ​​խաղաղություն։