Միջազգային

«Հավատում ենք, որ Ադրբեջանը կօգտվի պատմական հնարավորությունից». եվրապատգամավորների հայտարարությունը

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների հաջող ավարտը խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագծի ամբողջական տեքստի շուրջ։ Այդ մասին ասված է Եվրախորհրդարանի պատգամավորների համատեղ հայտարարության մեջ:

«Հայաստանի կառավարությունը գովեստի է արժանի այս նշանակալի զարգացման համար, որը հաջորդեց նրա այն հայտարարությանը, որ ընդունել է վերջին երկու չկարգավորված հոդվածների վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները, և հայտարարել, որ պատրաստակամ է համաձայնագիրը հնարավորինս շուտ ստորագրել: Մենք հավատում ենք, որ Ադրբեջանի ղեկավարությունը կօգտվի այս պատմական հնարավորությունից՝ վերջ դնելու տասնամյակներ տևած հակամարտությանը և կառուցելու բարգավաճ Հարավային Կովկաս՝ ստորագրելով և կյանքի կոչելով բանակցությունների միջոցով ձեռք բերված խաղաղության համաձայնագիրը:

Մենք նաև խրախուսում ենք սահմանազատման գործընթացում հետագա առաջընթացը և տարածաշրջանային հաղորդակցությունների բացումը՝ հիմնված երկրների ինքնիշխանության և իրավազորության, փոխադարձության և հավասարության վրա՝ որպես տարածաշրջանային զարգացման խոչընդոտները վերացնելու, կապի ամրապնդման, կայուն խաղաղության և բարգավաճման խթանման հիմնական միջոց:

Նույն ոգով հավատում ենք, որ Թուրքիայի կառավարությունը կօգտվի տարածաշրջանում ընթացիկ դրական իրադարձություններին աջակցելու հնարավորությունից և փոխադարձաբար կպատասխանի հայ-թուրքական սահմանը բացելու Հայաստանի պատրաստակամությանը՝ ի շահ իր քաղաքացիների և ողջ Հարավային Կովկասի»,- նշված է հայտարարության մեջ: