Քաղաքական

«Կարո՞ղ է լինել իրավիճակ, որ մարդը չարչարվի և արդյունք չստանա». Փաշինյան

Ինչո՞ւ մարդն առավոտից երեկո կարող է աշխատել ու լինել չքավոր, ինչո՞ւ կարող է փնտրել ու չգտնել աշխատանք, ինչո՞ւ կարող է մարդը զբաղվել ձեռներեցությամբ և չհարստանալ։ Այսօր Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնում տեղի ունեցած «Կրթվելը նորաձև է» բանախոսությունների շարքի առաջին հանդիպմանն ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Արդյո՞ք կա և կարո՞ղ է լինել նման իրավիճակ, որ առավոտից երեկո մարդը չարչարվի և արդյունք չստանա։ Ցավոք, այո՛, այդպես է։ Դա նշանակում է, որ մենք ինչ-որ բան չգիտենք և, հետևաբար, արդյունավետ ճանապարհը ո՞րն է, եթե մենք ինչ-որ բան չգիտենք՝ ինչպես բիզնես վարել, ինչպես աշխատանքի հայտ ներկայացնել, միայն մի ճանապարհ կա՝ կրթությունը, որովհետև չիմացածն իմանալու միակ ձևը կրթությունն է»,- մասնավորապես նշել է վարչապետը։