Քաղաքական

«Համաձայնագրում նախատեսվում են մեխանիզմներ». Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում հանդես է եկել զեկույցով, որտեղ անդրադարձել է նաև Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրին։ Միրզոյանի ելույթն ամբողջությամբ ստորև՝

«Հարգելի՛ գործընկերներ, ես հանդես կգամ Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2024 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցով, բայց նաև հասկանում եմ, որ երեկ շատ կարևոր իրադարձություն է տեղի ունեցել և հայատարարություններ են հնչել, կան հարցեր և անհանգստություններ հասարակության մեջ։ Ուզում եմ նախ կարճ անդրադառնալ դրան, հետո հնարավորություն կունենան մյուս հարցերին անդրադառնալ: Եվ լրագրողներին ուզում եմ տեղեկացնել, որ եթե բաց հարցեր մնան, մտադիր եմ նիստից հետո շարունակել խոսակցությունը, կաշխատեմ մի քանի հարցերի պատասխանել: Հուսով եմ՝ այսօր հնարավորություն կունենաք ավարտելու, կաշխատեմ բաց հարցեր չմնան:

Եվ այսպես, երեկ և՛ Հայաստանի Հանրապետության, և՛ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունները հայտարարեցին, որ խաղաղության համաձայնագրի շուրջ բանակացություններն ավարտված են, տեքստը երկար բանակցություններից հետո համաձայնեցված է: Ես սա համարում եմ չափազանց կարևոր հանգրվան հարաբերությունների կարգավորման և մեր շուրջ, Հայաստանի Հանրապետության շուրջ տարածաշրջանում խաղաղության հաստատման ուղղությամբ: Ինչպես նշեցի, տեքստը համաձայնեցված է, Հայաստանի Հանրապետությունն առաջարկում է հնարավորինս արագ, շուտափույթ մեկնարկել խորհրդակցություններ Ադրբեջանի հետ՝ պայմանավորվելու համաձայնագրի ստորագրման տեղի, ժամանակի և մյուս մանրամասների շուրջ: Նաև, ինչպես ասեցի, նկատել եմ, որ ինչ-որ հարցեր են առաջացել, շահարկումներ կան: Իհարկե հանգամանալից կխոսենք ընթացքում՝ հարցուպատասխանի ժամանակ, բայց մի քանի բան ուզում եմ միանգամից ասել: 

Հարգելի՛ գործընկերներ, հարգելի՛ քաղաքացիներ, համաձայնեցված համաձայնագրի տեքստում չկա որևէ դրույթ այսպես կոչված «միջանցքի» մասին: Ընդհանրապես ապաշրջափակման մեխանիզմների մասին որևէ բան համաձայնագրի տեքստում չկա: Կա երկկողմ պատրաստակամություն համագործակցել տարբեր ոլորտներում, այդ թվում նաև՝ տրանսպորտային, տրանզիտ, տնտեսական հարցերում: Սա մտահոգությունների այն համատեքստի տեսանկյունից, որում ընկալում ենք «միջանցքը» և որի մասին տարբեր կողմերից պայմաններ են հնչել, պետք է, որ այս մտահոգությունը փարատվի:

Մյուս կողմից, մեր մոտեցումն ապաշրջափակմանը շատ լավ հայտնի է, հրապարակային է և փոփոխություն չի կրել: Մենք ներկայացրել ենք այդ մոտեցումը, նաև տեղեկացրել ենք հանրությանը, որ մենք այդ մասին շատ կառուցողական մեր համոզմամբ երկուստեք ընդունելի առաջարկ ենք ներկայացրել ադրբեջանական կողմին: Այդ առաջարկը հետևյալն է. նախ ապաշրջափակել երկաթուղիները, հնարավորություն տալ երկու երկրներին օգտվել միմյանց երկաթուղային ցանցերից: Ինչպես ողջ աշխարհը, մենք ևս կարծում ենք, որ կարող ենք որոշակիորեն պարզեցնել սահմանահատման գործընթացն՝ ապահովելու բեռների սահուն ընթացքը, բայց ինչպես նախկինում, այժմ էլ, վաղն էլ մեզ համար անբեկանելի ընկալում և պայման է, որ բոլոր ենթակառուցվածքները, որոնք կապաշրջափակվեն, մնալու են և գործելու են այն երկրների ինքնիշխանության ներքո, որոնց տարածքում գտնվում են: Ավելի ուրիշ, պարզ և ուղիղ բառերով ասեմ՝ Հայաստանի Հանրապետության բոլոր երկաթուղիները, բոլոր ճանապարհները, ենթակառուցվածքները մնալու են և գործելու են Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության ներքո և օրենսդրությանը համապատասխան: Մենք նաև կարծում ենք, որ, ինչպես և նախկինում համոզված ենք, որ որևէ երրորդ ուժերի կողմից այդ ենթակառուցվածքների վերահսկման կարիք չկա, օրինակ՝ բեռների անվտանգության ապահովման համար կարող են գործադրվել այլ քաղաքակիրթ աշխարհին հայտնի տարբեր մեխանիզմներ: 

Համաձայնեցված տեքստում չկա որևէ դրույթ այն մասին, որ մինչև Խորհրդային Միության փլուզումը երկու երկրների տարածքներում բնակեցված և հետո այդ տարածքները լքած մարդիկ պետք է վերադառնան իրենց տները կամ այն տարածքները, որտեղ իրենց նախնիներն ապրել են: Նաև ուզում եմ ամպայմանորեն ասել, որ լսեցինք ադրբեջանական կողմի մեկնաբանությունը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մասին: Այդ մասին, բնականաբար, համաձայնագրի համաձայնեցված տեքստում կրկին ոչինչ չկա: 

Ընդհանրապես, համաձայնագրի տեքստում որևէ միակողմանի կարգավորում չկա: Չկա նաև սահմանադրությունների մասին կարգավորում: Հայտնի է նաև, որ մենք ունենք մեր մտահոգություններն Ադրբեջանի Սահմանադրության մասին: Հայտնի է, որ մենք տեսնում ենք այնտեղ որոշակի նկրտումներ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության նկատմամբ, բայց նաև հայտնի է, որ մենք կարծում ենք, որ համաձայնագրի տեքստում ունենք որոշակի դրույթներ, որոնք փարատում են: Եթե նույնիսկ, իսկ մենք համոզված ենք, որ ոչ, և մենք ունենք առնվազն մեր Սահմանադրության մասով, մեր Սահմանադրական դատարանի համապատասխան դիրքորոշումը մեկ այլ առիթով՝ Սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգերի հաստատման, վավերացման գործընթացում Սահմանադրական դատարանի  հայտնի դիրքորոշումը, որը հստակ ուղենիշ է և փարատում է բոլոր մտահոգությունները: Բայց եթե նույնիսկ տեսականորեն, իսկապես Սահմանադրություններում կարող են լինել այդպիսի պահանջներ, ապա նաև մենք համաձայնագրի տեքստի ստորագրմամբ և վավերացմամբ, ի դեպ՝ այդ վավերացումը կրկին պետք է անցնի մեր Սահմանադրական դատարանով մեր պարագայում, մեկընդմիշտ այդ հարցերը կարող ենք համարել փակված:  

Ինչևէ, ամեն դեպքում, ինչպես որևէ խաղաղության համաձայնագիր, կարծում եմ կարևոր է, որ որևէ խաղաղության համաձայնագրի պարագայում, մեր դեպքում ևս, դատողություններ անելիս հիշենք մի քանի կարևոր հանգամանք: Օրինակ՝ խաղաղության համաձայնագիր, միշտ, առնվազն ինձ հայտնի պատմությունից բոլոր դեպքերում, կամ այնքան ինչքան ես եմ տեսությունն ընկալում, խաղաղության համաձայնագրերը միշտ կնքվում են երկրների միջև, որոնք մինչ այդ վայրկյանն ունեցել են թշնամություն, միմյանց նկատմամբ թշնամանք, պատերազմ, զոհեր, և հետևաբար բարեկամների հետ խաղաղություն չեն կառուցում, բարեկամների հետ զարգացնում են հարաբերությունները: Մեր դեպքում ևս, պարզ է որ եղել է պատերազմ, եղել է տարիների թշնամանք երկու կողմից և այստեղ ուզում եմ կարևորել երկրորդ դիտարկումը խաղաղության համաձայնագրերի մասին: Ընդհանրապես, որևէ խաղաղության համաձայնագիր, համենայն դեպս պատմությունից ինձ այդպես է հայտնի, ես այլ դեպք չեմ հիշում, միանգամից բոլոր հնարավոր հարցերի պատասխանները չի տալիս, միանգամից այդպես կախարդական փայտիկով երկու երկրներին և ժողովուրդներին բարեկամներ չի դարձնում, համագործակից չի դարձնում: Իհարկե, լինում են բազմաթիվ հարցեր, այդ թվում՝ զգայուն և գերզգայուն, որոնք հետո պետք է քննարկվեն, կարգավորվեն և՛ մեր խաղաղության համաձայնագրի համաձայնեցված տեքստը, և՛ ստորագրման պատրաստ տեքստը ևս այս առումով բացառություն չէ: Բայց կարևոր եմ օրինակ նշել, որ այս համաձայնագրում նախատեսվում են մեխանիզմներ, որոնք մենք և Ադրբեջանը, համաձայնագրի ուժի մեջ մտնելուց  հետո, կարող ենք օգտագործել խնդիրները լուծելու համար և հարաբերությունների վերջնական կարգավորման համար: 

Օրինակ՝ մի փոքրիկ նշում անեմ այստեղ: Ես, իհարկե, հասկանում եք, հարգելի՛ գործընկերներ, որ որոշակիորեն կաշկանդված եմ բառացիորեն մեջբերելու կամ բացելու համաձայնագրի տեքստը, բայց սա նաև վարչապետն ասաց, մեծ հաշվով, բովանդակությունը հայտնի է բոլորին և ուզում եմ ասել. համաձայնագրում նախատեսվում են մեխանիզմներ, որոնցով մենք կարող ենք շարունակել քննարկումները դեպի հարաբերությունների կարգավորում: 

Ի՞նչը կրկին շահարկվեց  և որոշակի անհանգստություններ առաջացրեց: Մինսկի խումբը. գիտեմ, որ կհարցնեք, հետաքրքիր է: Մինսկի խմբի վերաբերյալ մեր դիրքորոշումը ևս հայտնի է: Մենք կարծում ենք, որ հարաբերությունների կարգավորումից հետո, համենայն դեպս, այն կարևոր քայլի կատարումից հետո, ինչպիսին կլինի խաղաղության համաձայնագրի, կամ եթե ավելի ճշգրիտ նշենք, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և հարաբերությունների հաստատման համաձայնագրի կնքումից հետո, կարող ենք համարել, որ ինստիտուցիոնալ առումով, արդեն փաստաթղթավորված, եթե կարելի է ասել, հակամարտությունը մոտեցավ ավարտին և այդ պահին արդեն մենք էլ կարող ենք ասել, որ Մինսկի խմբի գործունեության անհրաժեշտությունը չկա: Մինչ այս պահը, ցավոք, մենք տեսնում ենք, որ որոշ հռետորաբանության տարրեր, ապակառուցողականության տարրեր, որոնք մենք շարունակաբար հանդիպում ենք ադրբեջանական կողմից, մեզ համար մտահոգիչ են հենց այս կոնտեքստում։ Ուզում եմ նորից հստակ հայտնել մեր դիրքորոշումը. այն պահին, երբ որ մենք կունենանք ստրագրված խաղաղության համաձայնագիր, մենք ևս կունենանք մեր վերապահումները Մինսկի խմբի հետագա գործունեության հետ կապված։ 

Մի մտահոգության և անհանգստության էլ հանդիպեցի. ուզում եմ վստահեցնել՝ համաձայնագրում նախատեսված, համաձայնեցված, որևէ դրույթ, որևէ պայմանավորվածություն կարող է կյանքի կոչվել համաձայնագրի ստորագրումից, վավերացումից և ուժի մեջ մտնելուց հետո։ Չէի կարծում, որ այս թեմայով շահարկումներ կլինեն և անհրաժեշտություն կլինի սրան անդրադառնալ։ Իհարկե, կլինեն էլի հարցեր, կշարունակեմ նաև մեր դիրքորոշումները ներկայացնել»։