ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է գյուղատնտեսական ապահովագրության թեմային՝ նշելով, որ սա գաղափարախոսական հարց է։
Ըստ վարչապետի իրենք ուզում են փրկել գյուղապահովագրության համակարգը. «Այդ ապահովագրության համակարգի ներդրումը բերել է անառողջ պրոցեսների։ Պարզվում է՝ մարդիկ գիտեն՝ տեղեր կան, որ ամեն տարի կարկուտ է գալիս, գնում, հատուկ այդտեղ ինչ-որ բան են ցանում ու նստած սպասում են՝ կարկուտ գա, գնան ապահովագրություն ստանան, և այդպես ամեն տարի»։
Վարչապետը նշել է, թե սոցիալ-հոգեբանական խնդիր է. «Երբ գործիքը ստեղծվում է, մենք պետք է ջանք գործադրենք, որ մեր սիրելի քաղաքացիները հասկանան՝ դա իրենց համար է, և մենք անընդհատ այստեղ այդ խնդիրն ենք ունենում։ Երբ մենք բարի նպատակադրումներով բարեփոխումներ ենք անում, հետո ստիպված ենք լինում հետ պտտել այդ բարեփոխումները մի պարզ պատճառով՝ ստացվում է, որ միտումներ կան, որ այդ բարեփոխումներն օգտագործվում են ոչ թե զարգանալու, այլ այս պահին փոքր և կարճաժամկետ օգուտ ստանալու համար»,- ասել է նա։