ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Խաղաղության համաձայնագրի բանակցությունների ավարտին՝ նշելով. « Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագրի տեքստի համաձայնեցումը կարևոր իրադարձություն է»:
Նա անդրադարձել է վերջին երկու կետերին, որոնք ևս համաձայնեցված են. «Բաքվի երկու առաջարկներից մեկը վերաբերում է սահմանի երկայնքով երրորդ երկրների ուժերի տեղակայմանը, մյուսը` հայցերը միջազգային հարթակներից փոխադարձաբար հետ վերցնելուն ու իրար նկատմամբ քայլեր չանելուն»։
Նա ընդգծել է, որ 2 դրույթները վերաբերում են համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետոյին. «Ըստ էության՝ այդ դրույթները ոչ մեծ էվոլյուցիա են ապրել։ Եկել ենք եզրակացության, որ այս պահին առկա բովանդակությունը կարող է համարվել այն փոխզիջումային տարբերակը, որը կարող է ՀՀ համար ընդունելի լինել»։
Անդրադառնալով համաձայնագրի ստորագրման ժամկետներին, նա ասել է. «Պատրաստ ենք քննարկումներ սկսել ժամկետների և վայրի մասին։ Քննարկումների ժամանակ կփորձենք մեր պատկերացումները մոտեցնել»։
Նիկոլ Փաշինյանը նաև շեշտել է. «Խաղաղության համաձայնագրում միակողմանի ոչ մի դրույթ չկա»։
Ըստ նրա՝ «Այս համաձայնագրում ԵՄ դիտորդների մասին ոչ մի բառ չկա։ Կա երրորդ երկրների ուժերի տեղակայման մասին։ Սա վերաբերում է և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին»։
Հիշեցնենք՝ այսօր Հայաստանն ու Ադրբեջանը հայտարարեցին խաղաղության համաձայնագրի բոլոր կետերի շուրջ համաձայնության գալու մասին։