Եվրոպական խորհրդարանում մարտի 12-ին տեղի է ունեցել Բաքվում պահվող հայ գերիների իրավիճակի քննարկում՝ «Ադրբեջանի կողմից հայ պատանդների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի բարձրագույն քաղաքական ներկայացուցիչների անօրինական ձերբակալություններն ու կեղծ դատավարությունները» խորագրով։
Քննարկման նախաձեռնողներից Սլովակիան ներկայացնող Եվրախորհրդարանի պատգամավոր Միրիամ Լեքսմանը հայտարարել է, որ Բաքվում ավելի քան 20 քաղաքական պատանդներ պահվում են անմարդկային պայմաններում և ենթարկվում են շինծու դատավարությունների, որոնք կարող են հանգեցնել նրանց ցմահ ազատազրկման:
«Այսպիսին է Ալիևի ռեժիմի իրական դեմքը, որը ճնշում է սեփական քաղաքացիներին և անտեսում միջազգային պարտավորությունները։ Մինչ ԵՄ-ն աջակցում է ռազմավարական գործընկերությանը, Բաքվի ռեժիմը շարունակում է սպառնալ իր հարևաններին և խաթարել տարածաշրջանային խաղաղությանն ուղղված ջանքերը: Ներկա աշխարհաքաղաքական պայմաններում ԵՄ-ն պետք է պաշտպանի իր արժեքները, հատկապես իր տարածաշրջանում։ Փոխարենը մենք հաճոյանում ենք կեղեքողին և պարգևատրում Ալիևի գործողությունները առևտրի ծավալների ավելացմամբ։ Մենք դասեր չենք քաղում», - ասել է Լեքսմանը:
Եվրախորհրդարանականը ավելացրել է, որ պետք է անհապաղ մջոցներ ձեռնարկվի և ապահովվվի պատանդների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը: «Ժամանակն է դադարել երազել ռազմավարական գործընկերության մասին, առերեսվել իրիականությանը և գործել մեր արժեքներին և սկզբունքներին համապատասխան: Մենք պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկենք, վերացնենք մարդու հիմնարար իրավունքների ակնհայտ խախտումները և ապահովենք պատանդների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը: Անհրաժեշտ է պատժամիջոցներ կիրառել Բաքվում պահվող հայերի նկատմամբ կեղծ դատավարություններում ներգրավված ադրբեջանցի դատախազների և դատավորների նկատմամբ: Մենք պետք է համոզվենք, որ Ադրբեջանի հետ ցանկացած հետագա համագործակցություն հիմնված կլինի բոլոր պահվող անձանց ազատ արձակման և խաղաղության համաձայնագիր ստորագրելու Բաքվի պատրաստակամության վրա»,- նշել է նա։