Հասարակություն

Վարչապետը հանդես կգա «Իմանալ՝ ինչպես» խորագրով ելույթով

«Իմ քայլը» հիմնադրամից հայտնում են, որ «Կրթվելը նորաձև է» շարժման շրջանակում մարտի 15-ին տեղի կունենա համանուն բանախոսությունների շարքի առաջին միջոցառումը, որին հանդես կգա վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա կներկայացնի «Իմանալ՝ ինչպես» խորագրով ելույթ։ Միջոցառմանը հրավիրված են շարժման մասնակիցները, ովքեր նախկինում մասնակցել են վարչապետի տիկնոջ՝ «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանի «Կրթվելը նորաձև է» շարժման հանդիպումներին։

«Բանախոսությունները լինելու են շարունակական, հանրության համար` բաց, և ընդգրկելու են բազմաբնույթ թեմաներ՝ գիտությունից մինչև արվեստ, տնտեսությունից մինչև փիլիսոփայություն։ Նպատակն է ստեղծել մի հարթակ, որտեղ յուրաքանչյուրը կարող է սովորել, կիսվել գաղափարներով և ստանալ նոր գիտելիքներ, որոնք կնպաստեն ինքնազարգացմանն ու ընդհանրապես՝ գիտակցված հասարակության ձևավորմանը»,- հայտնում են հիմնադրամից։