ՀՅԴ բյուրոյի նորընտիր ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը հայտարարել է, որ կուսակցության 35-րդ ընդհանուր ժողովը տեղի է ունեցել աննախադեպ պայմաններում։
Նրա խոսքով՝ իրենց խնդիրն է բեկում մտցնել երկրում ստեղծված իրավիճակի մեջ.
«Մեր գլխավոր խնդիրը դառնում է նոր որակի իշխանության ձևավորումը և զարգացման ազգային պետական ուղեգծի հաստատումը։ Այն ուղեգծը, որով այս իշխանությունները շարժվում են, ապազգային է, ապապետական, և կոչված է սպասարկելու թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը»։
Արմեն Ռուստամյանը նաև հայտարարել է, որ իրենք անհրաժեշտ ակտիվության պատրաստ ցուցարարների կազմակերպված ներկայության կարիք ունեն.
«Մեզ պետք է ոչ միայն մասնակցության ընդհանուր թիվ, այլ ակտիվության և վճռականության պատրաստ կազմակերպված մասնակցություն, որը հնարավորություն կտա շարունակական զանգվածային անհնազանդության գործողություններ կազմակերպել։ Դրանք ինքնանպատակ չպետք է լինեն։ Դա պետք է հասունացնի ժողովրդի անմիջական իշխանության իրացումը»։