Քաղաքական

ՀՅԴ-ն պատրաստ է համազգային համախմբման. Ընդհանուր ժողովը հայտարարություն է տարածել

ՀՅԴ 35-րդ ընդհանուր ժողովը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․

«ՀՅԴ 35-րդ Ընդհանուր Ժողովը գումարվեց Հայաստանի Հանրապետության և ողջ հայության համար աշխարհաքաղաքական և ներազգային լրջագույն մարտահրավերների, Արցախի Հանրապետության բռնազավթման, Արցախում տեղի ունեցած ցեղասպանության, Հայոց պետականության դեմ ուղղված գոյութենական սպառնալիքների ժամանակահատվածում։

Պատերազմներով ուղեկցվող համաշխարհային վերադասավորումները, միջազգային ինստիտուտների և միջազգային իրավունքի, ինչպես նաև զսպման արդյունավետ մեխանիզմների բացակայությունը անվտանգային մարտահրավերներ են Հայոց պետականության լինելիությանն ու հայկական համայնքների կենսունակությանը։ 

44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանում խախտված ռազմաքաղաքական հավասարակշռությունը, Ադրբեջանի շարունակական ռազմատենչ նկրտումներն ու ՀՀ իշխանությունների որդեգրած խաղաղության կեղծ օրակարգը անվտանգային նոր սպառնալիքներ են ստեղծում։

Ինչպես թուրք-ադրբեջանական տանդեմի, այնպես էլ ՀՀ վարչախմբի համար առաջնային թիրախ են ազգային ինքնութենական արժեքներն ու ազգային գաղափարախոսություն կրող ուժերը։ 

Հայաստանի անվտանգային և կառավարման ճգնաժամը, ներազգային թշնամանք հրահրելու և Սփյուռքը պառակտելու իշխանության քայլերը խորացնում են հանրային հուսալքությունը։ 

Քննելով իրավիճակը ՀՅԴ 35-րդ Ընդհանուր Ժողովը հաստատեց․

Մրցունակ, նոր որակի ազգային պետության կառուցումը և հայկական ինքնության պահպանումը ՀՅԴ-ն հռչակում է ռազմավարական նպատակ և հայտարարում է պայքարի վճռական հանգրվանի մասին։

Ըստ այդմ սահմանվում են ռազմավարական հետևյալ առաջնահերթությունները՝

Հայոց անկախ պետականության հզորացում, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության վերականգնում, ժողովրդավարական, իրավական, սոցիալական պետության կերտում՝ Անկախության հռչակագրի տառին և ոգուն համապատասխան,
Արցախի ազատագրման օրակարգի շուրջ համազգային համախմբում, միջազգային իրավաքաղաքական երաշխիքների գործադրումով՝ արցախահայության հավաքական վերադարձի և հիմնարար մյուս իրավունքների իրացում, 
Հայոց բանակի, պաշտպանության և անվտանգության համակարգերի ամրապնդում,
Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման և հատուցման իրավունքի հետապնդում,
Ազգային և պետական շահերի վրա կառուցված, անվտանգային սպառնալիքները հաղթահարող արտաքին քաղաքականության որդեգրում,
Սփյուռքի կազմակերպական հզորացում, համահայկական օրակարգերի շուրջ ազգային և քաղաքական համախմբում։

Միաժամանակ ՀՅԴ 35-րդ Ընդհանուր ժողովը հաստատեց. 
ՀՀ իշխանությունների որդեգրած ապազգային և ապապետական ընթացքը կասեցնելու, Հայրենիքի անվտանգությունը երաշխավորելու, կենսունակ հայկական պետություն ունենալու, սոցիալական արդարություն հաստատելու, ներազգային համապարփակ ճգնաժամը հաղթահարելու և ՀՅԴ ռազմավարական նպատակները իրագործելու անհրաժեշտ պայմանը իշխանափոխությունն է:

ՀՅ Դաշնակցությունը լի է վճռականությամբ և պատրաստակամ է պետականության և ազգային ինքնության պահպանման ու զարգացման օրակարգի շուրջ գոյացնել համազգային համախմբում»,- ասված է հայտարարության մեջ։