ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկում է ՆԱՏՕ-ին Վաշինգտոնի մասնակցության արմատական փոփոխությունների հնարավորությունը: Այս մասին հայտնում է NBC-ն ՝ վկայակոչելով ամերիկյան վարչակազմի երեք գործող և մեկ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպես նաև մեկ կոնգրեսականի:
Նրանց խոսքով՝ Թրամփը դիտարկում է դաշինքի այն անդամների պաշտպանությանը նախապատվություն տալու հնարավորությունը, որոնք իրենց համախառն ներքին արդյունքի որոշակի տոկոսը ծախսում են պաշտպանության վրա:
«Քաղաքականության հնարավոր փոփոխության շրջանակներում ԱՄՆ-ն կարող է չպաշտպանել հարձակման ենթարկված ՆԱՏՕ-ի մեկ այլ անդամի, եթե երկիրը չհասնի պաշտպանական ծախսերի շեմային արժեքին»,- գրում է NBC-ն:
Նշվում է, որ դա զգալի շեղում կլինի Հյուսիսատլանտյան դաշինքի հինգերորդ՝ հիմնական հոդվածից, որում ասվում է, որ ՆԱՏՕ-ի անդամներից մեկի վրա հարձակումը նշանակում է հարձակում ամբողջ դաշինքի վրա: