Քաղաքական

Զելենսկին Թրամփին խոշտանգված զինվորների լուսանկարներն է ցույց տալիս դեմքը պահելու համար

Քաղաքագետ Հակոբ Բադալյանը գրում է․ 

«Զելենսկին Սպիտակ տանը Թրամփի հետ հանդիպմանը նրան է ցույց տալիս Ռուսաստանից վերադարձած ուկրաինացի գերիների լուսանկարները, ցույց տալու համար, որ նրանց խոշտանգել են:

Այն, որ գերիներին խոշտանգում են երկու կողմում էլ, կան բազմաթիվ վկայություններ ու ապացույցներ: Բայց, հարցը տվյալ դեպքում այն է, թե Ուկրաինայի նախագահն ինչ աստիճանի ոչ ադեկվատ պետք է լինի, որ Թրամփի հետ հնդիպմանը ցուցադրի այդ լուսանկարները, որոնց վրա Թրամփի թքած ունենալուն չի կասկածի նույնիսկ մանկապարտեզի երեխան:

Իհարկե, չի կասկածում թերևս նաև Զելենսկին, ի վերջո նա մանկապարտեզի երեխա չէ հաստատ: Զելենսկին ընդամենը այդ գործողությամբ փորձել է իր համար քարոզչական փոքրիշատե էֆեկտ ստանալ այն խիստ ոչ էֆեկտիվ պատկերի շրջանակում, որ կա նրա Սպիտակ տուն այցի հետ կապված:

Չէ՞ որ նա այցի ընթացքում ստորագրություն է դնելու Ուկրաինայի հանդեպ «աշխարհաքաղաքական դիակապտության» ակտի՝ հանածոների շուրջ գործարքի տակ: Գործարք, որին Զելենսկին փորձում էր դիմակայել Եվրամիության, գլխավորապես Բրիտանիայի ջանքով, բայց որն ի վերջո նրան պարտադրվեց:

Այդ իմաստով շատ ուշագրավ էր ամերիկյան լրատվամիջոցին Ֆինանսների նախարար Բեսենտի  խոսքերը, որ համաձայնագիրը պատրաստ է և Կիևը դրան հավանություն է տվել: Ուշադրություն դարձրեք ձևակերպմանը՝ պատրաստ է, և Կիևը հավանություն է տվել: Այլ կերպ ասած, փաստաթուղթը չի կազմվել Կիևի հետ, այսինքն՝ փոխադարձ համաձայնությամբ կազմված չէ, այլ կազմել է ԱՄՆ-ն և դրել Կիևի առաջ: Սկզբից Կիևը չէր տալիս հավանություն, իսկ հետո մի քանի կոշտ հայտարարություն ԱՄՆ-ից՝ և Զելենսկին մեկնում է ստորագրելու:

Ահա այս պայմաններում իհարկե նրան մնում է ցույց տալ ուկրաինացի խոշտանգված զինվորների լուսանկարներ, իրականում ընդամենը սեփական դեմքը պահելու համար: Սա ցավալի, խիստ ցավալի պատկեր է նախ եւ առաջ Ուկրաինայի ժողովրդի, Ուկրաինա պետության համար, որը, ինչպես նշեցի, ենթարկվում է «աշխարհաքաղաքական դիակապտության»:

Եվ սա իհարկե շատ մեծ դաս է մյուս բոլոր ժողովուրդների համար, որոնք կարող են համաշխարհային հարաբերություններում, այն էլ դրանց պատմա-քաղաքակրթական, աշխարհակարգային անցման այդ շրջաններում մտածել, թե հնարավոր է որևէ միջուկային գերտերության հույսով գնալ մեկ այլ միջուկային գերտերության դեմ առճակատման, ու վերջում չդառնալ ընդամենը երկու միջուկայինների սակարկության առարկա:

Եվ բացարձակապես անհամարժեքություն է գնահատել, թե սա պայքար է անկախության համար: Սրա մասին խոսելը պարզապես կամ քաղաքական անմեղսունակության, կամ անսահմանափակ անպատասխանատվությամբ և անհույս ռոմանտիզմի դրսեւորում է, որն իրականում ցանկացած ժողովրդի անկախության կարող է տանել միայն պաթոսի դաշտում, իսկ գործնականում տանում է ողբերգության»: