ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը ՀՅԴ ընդհանուր ժողովում ունեցած ելույթում հայտարարել է. «Այսօր մենք ունենք հանձնառություն՝ նոր իրողությունների պայմաններում մեր ժողովրդին առաջարկել պայքարի ու վերականգնման նոր տեսլական ու ծրագիր, վերականգնել վստահության կամուրջները, հաղթահարել հուսալքությունը»։
Ըստ նրա՝ այսօր խնդիր կա դիմագրավել նոր թափ առած հակադաշնակցականությանը, «որն արդեն վերածվել է ազգային գաղափարախոսության դեմ պայքարի»։
Նա կոչ է արել «առողջ և ազգային ուժերին միավորել ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու, հայ ժողովրդին ու մեր պետականությանը սպառնացող վտանգները չեզոքացնելու, նոր որակի ազգային իշխանություն ձևավորելու եւ համահայկական կարողականությամբ ուժեղ Հայաստան կառուցելու գործում»։
Սաղաթելյանի խոսքով՝ Դաշնակցությունը, կուսակցություն լինելուց զատ, համաշխարհային ազգային ցանց է, պայքարի ու դիմադրության համակարգ․ «Այս կարողականությունը լիարժեք դարձնելու խնդիր ունենք։ Դաշնակցությունը ազգային, պետականամետ, արժանապատվություն ունեցող բոլոր ուժերի և անհատների ընկերն ու վահանն է։ Հենց այս պատկերացումները պետք է առաջնորդեն մեզ մեր առաջիկա քննարկումներում»։