Քաղաքական

«Մենք միշտ ունենք ծրագիր». Իշխան Սաղաթելյան

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ իրենց կուսակցությունը մասնակցություն է ունենալու Գյումրիի ընտրություններին։ Նա չի մանրամասնել՝ ինչ ձևաչափով․

«Մենք միշտ այն տեսակետին ենք եղել, որ պետք է լայն ընդդիմադիր ճակատ ձևավորվի, որպեսզի իրականում ավելի արդյունավետ լինի։ Այս պահին, հասկանալի է, չի ստացվում։ Տեղի կոմիտեն համապատասխան հայտարարությամբ հանդես կգա»,-ասել է նա։

Ինչ վերաբերում է 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին՝ Սաղաթելյանը նշեց, թե շատ վաղ է խոսել այդ մասին՝ դաշինքո՞վ, թե՞ առանձին է մասնակցելու ՀՅԴ-ն. «Մինչև 2026 թվականը բավական բան է փոխվելու։ Կգա 2026-ը՝ կքննարկենք»։

Նա նաև նշել է, որ սխալ է տպավորությունը, թե «Հայաստան» դաշինքը սպասում է 2026թ․ ընտրություններին. «Մենք մեր գործունեությամբ բազմիցս ցույց ենք տվել՝ եթե ընտրությունների սպասող լինեինք, շատերի պես կպատրաստվեինք ընտրության»։ 

Իսկ թե մինչև 2026թ․ ինչ պետք է անի ՀՅԴ-ն, Սաղաթելյանն ասել է. «Բազմաթիվ ուժեր բազմաթիվ պլանների մասին են խոսում։ Խնդրեմ՝ թող միշտ փորձեն ուժերը։ Բայց իմացեք՝ մենք միշտ ունենք ծրագիր, միշտ ունենք նախապատրաստական աշխատանք, և երբ վերջնական ի մի կգա այդ ամենը, կխոսենք»։