Քաղաքական

Միրզոյանը և Տյուրկը մտքեր են փոխանակել անվտանգային իրավիճակի շուրջ

Փետրվարի 25-ին Ժնևում ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի նիստի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ մարդու իրավունքների բարձր հանձնակատար Վոլկեր Տյուրկի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են մարդու իրավունքների միջազգային համակարգի առջև ծառացած մարտահրավերները, տարածաշրջանային զարգացումները և Հայաստանի ու ՄԱԿ-ի Մարդու իրավունքների բարձր հանձնակատարի գրասենյակի միջև փոխգործակցության հարցեր։

ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը և վերջինիս տարբեր բաղադրիչների նկատմամբ ՀՀ մոտեցումներն ու ներկայացված կառուցողական առաջարկները։ 

Ամբողջական կարգավորման համատեքստում նախարար Միրզոյանը նշել է հումանիտար բնույթի հարցերի, այդ թվում՝ Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և պատանդառված քաղաքացիական անձանց ազատ արձակման խնդրի հասցեագրման կարևորությունը։

Հաշտեցման ջանքերն առաջ մղելու համատեքստում ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի իրավիճակի վերաբերյալ տեղեկատվություն հավաքագրելու նպատակով Բարձր հանձնակատարի գրասենյակի կողմից նախորդ տարի Հայաստան գործուղված երկու առաքելությունների արդյունքները կարող են կարևոր ներդրում ունենալ։

Հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանը և Վոլկեր Տյուրկը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակի շուրջ։