Իտալիայում ՀՀ նորանշանակ դեսպան Վլադիմիր Կարապետյանն իր հավատարմագրերը հանձնեց Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջո Մատարելլային:
Հավատարմագրերի հանձնման պաշտոնական արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում Իտալիայի նախագահը շնորհավորեց դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություն մաղթեց նրան առաքելության իրականացման ընթացքում: Նախագահը հույս հայտնեց, որ դեսպան Կարապետյանն իր ակտիվ գործունեությամբ էլ ավելի կամրապնդի հայ-իտալական երկկողմ բարեկամական հարաբերությունները` միաժամանակ իր աջակցությունը հայտնելով դեսպանին իր առաքելության ընթացքում։
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ դեսպան Կարապետյանը նախագահ Սերջո Մատարելլային փոխանցեց ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ջերմ ողջույնները` ընդգծելով, որ Հայաստանը մեծապես շահագրգիռ է Իտալիայի հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում սերտ համագործակցության ամրապնդմամբ: Զրույցի ընթացքում դեսպանն Իտալիայի նախագահին ներկայացրեց Հայաստանում ժողովրդավարության և դրա ինստիտուտների ամրապնդման ուղղությամբ կառավարության կողմից ձեռնարկվող քայլերը, Հայաստանի կառավարության կողմից ներդրվող ջանքերը՝ խաղաղ գործընթացն առաջ մղելու ուղղությամբ:
Երկուստեք կարևորվեց երկկողմ տնտեսական հարաբերություններին նոր խթան հաղորդելու անհրաժեշտությունը։
Դեսպան Կարապետյանը վստահեցրեց, որ իր պաշտոնավարման ընթացքում հնարավոր բոլոր ջանքերը կներդնի՝ հայ-իտալական բարեկամական հարաբերությունները և առկա համագործակցությունը առավել խորացնելու ու ամրապնդելու ուղղությամբ: