ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն Արցախի վերածննդի օրվա և Ղարաբաղյան շարժման 37-ամյակի առթիվ ուղերձը է հղել։
«ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐ ՈՒԺՆ է՝
դիմակայելու վերահաս վտանգներին, վերանորոգվելու կորուստների ցավից, խուսափելու անցյալի սխալներից, վերարժևորելու ներկան, հիշելու և փառաբանելու անցյալի հաղթանակները և հերոսներին, պայքարելու սեփական Հայրենիքում արժանապատիվ՝ ազատ և անկախ ապրելու հիմնարար իրավունքի համար:
ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԱՌԱՋ ԳՆԱԼՈՒ ՄԵՐ ՈՒՂԵՆԻՇՆ Է.
Մենք հիշում ենք Ազգային զարթոնքի վերածված Ղարաբաղյան շարժումը՝ 37 տարի առաջ սկիզբ առած, հաղթանակով պսակված Արցախյան ազգային-ազատագրական պայքարը:
Մենք հիշում ենք այդ հաղթանակները մսխած ազգուրաց պետականաքանդներին:
ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԳՈՐԾԵԼՈՒ ՄԵՐ ԿԱՄՔՆ Է՝
հիմնավորապես մերժելու Հայաստանի ներկայիս կառավարիչների գաղափարախոսությունը՝ մոռանալ սեփական արմատները, պատմությունը, հայրենի ծննդավայրը, ազգային արժանապատվությունը, չընդունելու պետության և հայրենիքի մասին շինծու և վտանգավոր թեզերը, թոթափելու անտարբերությունը, հաղթահարելու վախերը, չկորցնելու զգոնությունը, անվրեպ հաշվարկելու վտանգները, կրկին հասնելու հաղթանակի:
Հիշողությունը կորցրած ժողովուրդը վաղ թե ուշ կորցնում է նաև իր ապագան։
ՄԵՆՔ ՀԻՇՈՒՄ ԵՆՔ»,- ասված է ուղերձում: