Եթե բանը հասնի նրան, որ կողմերը ապաշրջափակման հարցում համաձայնության գան, և ադրբեջանական բեռները մուտք գործեն Հայաստան, սկզբունքայի՞ն է, որ դրանք Հայաստանում ստուգում անցնեն․ լրագրողի հարցին ԱԺ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը առաջարկեց չպատասխանել այն հիմնավորմամբ, որ բանակցություններ են տեղի ունենում։
Սակայն ՔՊ խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը խնդրեց հստակեցնել՝ լրագրողը նկատի ունի մաքսազերծե՞լ, թե՞ ստուգել, ապա նշեց, որ Հայաստանի տարածքով անցնող բեռը պետք է վերահսկողության ենթարկվի. «ՀՀ-ն պիտի իմանա, թե ինչ է իր տարածքով անցնում»։
Երբ լրագրողը փորձեց հստակ իմանալ, թե ադրբեջանական բեռները Հայաստան մուտք գործելու պարագայում հստակ ստուգում անցնելու են, Արման Եղոյանն ասաց, որ պետք չէ մութ սենյակում կատու փնտրել՝ կրկնելով, որ ՀՀ-ն պետք է տեղյակ լինի, թե իր ինքնիշխան տարածքով ինչ է անցնում։