Քաղաքական

«ԱՄՆ փոխնախագահի հետ հանդիպումը բավական երկար է տևել». վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է հայտնել Ջեյմս Վենսի հետ հանդիպումից՝ նշելով, որ նախապես Սպիտակ տանը հանդիպման ծրագրեր չեն եղել։

Այնուամենայնիվ, կայացել է չնախատեսված հանդիպում. «Հանդիպումը բավական երկար է տևել՝ 1+3 ձևաչափով։ Տետ-ա-տետ խոսակցություն չի եղել։ Մեր կողմից մասնակցել է Հայաստանի դեսպանը, վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետը, իմ մամուլի խոսնակը, և հանգամանալից խոսակցություն է տեղի ունեցել»,- ասել է նա։ Ըստ վարչապետի՝ հանդիպումը տեղի է ունեցել ԱՄՆ-ի համար «շատ խառը միջավայրում»։ Նա նշեց, որ հանդիպումը գնահատում է կարևոր ու արդյունավետ։

Անդրադառնալով Հայաստանի ու ԱՄՆ-ի միջև կնքված փաստաթղթին՝ նա նշել է, որ դրան պետք է վերաբերել որպես աշխատանքային փաստաթղթի. «Ամեն ինչին վերաբերում ենք կամ ապոկալիպսիսի, կամ երկնքից թափվող մանանայի տրամաբանությամբ»։