Քաղաքական

«Արտաքին հարաբերությունների ամբողջական «մենյու» առաջարկած կլինենք ժողովրդին». Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամենամեծ մարտահրավերը համարում է Եվրամիության ստանդարտներին Հայաստանի՝ օբյեկտիվորեն համապատասխանելը։

«Դա է ամենամեծ մարտահրավերը, որ մենք կառավարման, հակակոռուպցիոն պայքարի, տնտեսական թափանցիկության, հաշվետվողականության, քաղաքացիական հասարակության և ժողովրդավարության կոմպոնենտներով համապատասխանենք Եվրոպական միության չափանիշներին, որն իրականում մեզ է անհրաժեշտ»,- ասել է Փաշինյանը։

Ըստ նրա՝ սա անհրաժեշտ է, որ պետությունն ինստիտուցիոնալ և արդյունավետ կառավարման համակարգ ձևավորի։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ երբ Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքը վերջնական ուժի մեջ կմտնի, մի կարևոր ծառայություն մատուցած կլինեն ժողովրդին. «Ո՞րն է այդ ծառայությունը։ Մենք, այդ թվում, արտաքին հարաբերությունների ամբողջական «մենյու» առաջարկած կլինենք մեր ժողովրդին»։