«Ինքը թող պատմի՝ ոնց է կարողացել թիկնապահներով Արցախից դուրս գալ, իսկ մյուս գործընկերները չեն կարողացել։ Էդ ոնց է ստացել, որ ինքը ստեղ է հայտնվել»,- հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն՝ արձագանքելով Սամվել Շահրամանյանի հայտարարություններին։
«Եթե ինձ հարց ունի, նամակների բաժին կա ԱԺ-ում, կարող է դիմել, ես կքննարկեմ նամակն ու, միգուցե, կպատասխանեմ։ Այլ կերպ մեկնաբանելու կարիք չկա։ Ինչ վերաբերում է զղջալուն, ես Արցախի, ԼՂ ժողովրդի մասին ընդհանրական որևէ բան չեմ ասել, ասել եմ կոնկրետ մարդկանց մասին, որ վերադառնում էին Հյուսիսային պողոտա՝ իրենց տները, որոնք ուզում էին վերադառնալ Հայաստանում կառուցած իրենց «ասաբնյակները» և իրենց բիզնեսը չէին կառուցում Ղարաբաղում, որովհետև իրենց ու ԼՂ ապագան այնտեղ չէին տեսնում, այլ կապում էին երկրից դուրս գալու հետ։ Եւ վստահեցնում եմ՝ մարդիկ, ում մասին խոսել եմ, իրենք հասկացել են»։
Հարցին՝ մի քանի ամիս շրջափակումից հետո հնարավորություն կա՞ր մարտնչել Ադրբեջանի՝ մի քանի անգամ գերազանցող զորքի դեմ, նա ասել է. «Է, որ շանս չկար, բա էս 30 տարի ի՞նչ էինք անում։ Ադրբեջանը միշտ մեզնից մեծ է եղել»։