Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆրանսիահայ համայնքի հետ հանդիպմանը նշել է՝ ինքը եկել է մի եզրակացության, որ «Հայաստանի երրորդ Հանրապետության հիմնադրման առաջին օրից մենք չենք նկատել, որ ՀՀ-ում կա ընդամենը մեկ կուսակցություն, և այդ կուսակցությունը ՀՅԴ-ն է։ Ֆորմալ եղել են այլ կուսակցություններ ևս, բայց իրականում եղել է մեկ կուսակցության գաղափարախոսություն էն տարբերությամբ, որ եղել է իսկական ՀՅԴ, բայց եղել է ՀՀՇ-ՀՅԴ, եղել է ԱԺՄ-ՀՅԴ, եղել է ՔՊ-ՀՅԴ։ Ըստ էության ՀՀ-ում գործող բոլոր կուսակցությունները գործել են ՀՅԴ գաղափարախոսության ներքո»,- ասել է նա։
Վարչապետը մեկնաբանել է, թե ինչո՞ւ չեն գնացել ու անդամակցել ՀՅԴ-ին, այլ՝ առանձին կուսակցություններ են ստեղծվել. «ՀՀՇ-ին թվացել է, թե ինքն ավելի լավ դաշնակցական է, քան իսկական դաշնակցականները, ՔՊ-ականներին թվացել է, թե մենք ավելի լավ դաշնակցականներ ենք, քան իսկական դաշնակցականները»։
Նա նշել է, թե իրենց մոտ այժմ տեղի է ունեցել գաղափարախոսական տրանսֆորմացիա. «Ասում ենք՝ ՀՀ-ն ինքը ազգային բարձրագույն նպատակն է, ՀՀ-ից ավելի բարձր ազգային նպատակ չկա։ ՀՀ-ն ոչ թե հենման կետ է կամ ֆորպոստ է՝ ինչ-որ ավելի լավ, ավելի մեծ հայրենիք ունենալու համար, այլ՝ ՀՀ-ն այն հայրենիքն է, որը մենք ունենք ու չպետք է օգտագործենք ուրիշ հայրենիքի համար»։