Քաղաքական

«Ադրբեջանական կողմի կեցվածքը խիստ մտահոգիչ է». Ալեն Սիմոնյան

«Ես չեմ կարծում, որ բանակցությունները փակուղում են հայտնվել, մենք շարունակում ենք ակտիվ աշխատել սահմանազատման, սահմանագծման հարցում»,- հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ լրագրողների հետ ճեպազրույցում։

Նրա խոսքով. «Ճիշտ է, ադրբեջանական կողմը 3-րդ ամիսն է սկսվում, որ մեր առաջարկին որևէ արձագանք չունի: Ադրբեջանական կողմի կեցվածքը խիստ մտահոգիչ է: Դրա մասին խոսում ենք միջազգային բոլոր գործընկերների հետ։ Եւ կարծում եմ, որ լավ կլինի՝ Ադրբեջանը շարունակի խաղաղության գործընթացի մեջ իր մասնակցությունը»։

Նա չի մանրամասնել առաջարկների բովանդակությունը. «Բայց բոլորդ գիտեք՝ մենք փաթեթ ենք ներկայացրել, որի պատասխանին ենք սպասում, և մինչ օրս մենք այդ պատասխանը չունենք»։ Նրա խոսքով, սա միգուցե կապ ունի Ադրբեջանի ու ՌԴ-ի միջև սրված իրավիճակի հետ. «Միգուցե դա է պատճառը, չգիտեմ, բայց հայկական կողմը սպասում է պատասխանին»։

Ըստ Սիմոնյանի՝ Հայաստանի ու Ադրբեջանի ինքնիշխանությունն ու ապագան երկու երկրների ձեռքում են. «Այսօր պատմական շանս ունենք մեկընդմիշտ լուծել այդ հարցը և մեր ժառանգներին, սերունդներին խաղաղ համակեցություն թողնել»։