Արդարադատության նախարարությունը նախագիծ է ներկայացրել՝ առաջարկելով կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործառույթները տարածել նաև քննչական մարմինների ղեկավարների և նրանց տեղակալների նկատմամբ:
Արդարադատության փոխնախարար Տիգրան Դադունցը տեղեկացրել է, որ նախագծով առաջարկվում է հստակեցնել հանձնաժողովի գործառույթի իրավասությունն ու քննչական մարմինների և նրանց տեղակալների ցանկում ներառել նաև գլխավոր դատախազի տեղակալներին:
ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Լիլի Մինասյանը նշել է, որ նախ պետք է տեսնել՝ ինչպես են աշխատում կանոնակարգերը, հետո հասկանալ, թե ինչպես լուծեն գլխավոր դատախազի վարքագծի քննության հարցը։
Պատգամավորը պարզաբանել է, որ գլխավոր դատախազի պաշտոնը չի ներառվել նախագծում, քանի որ նրան ընտրում է ԱԺ-ն։
Հետևաբար, անգամ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի վարույթ իրականացնելու պարագայում, որոշում կայացնելու իրավունք ունի խորհրդարանը, իսկ ԱԺ-ն գլխավոր դատախազի պարագայում ունի միայն անվստահություն հայտնելու իրավունք․ այլ՝ ավելի մեղմ սանկցիա կիրառելու գործառույթ սահմանադրությամբ ներառված չէ. «Հետագայում եթե տեսնենք, որ կանոնակարգերն այսպես ավելի լավ են աշխատում, կհասկանանք, թե ինչպես լուծել նաև գլխավոր դատախազի վարքագծի քննության հարցը»։