ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱՄՆ-ում հայ համայնքի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Հայաստանում տեղի են ունենում գաղափարախոսական փոփոխություններ։
Նա մանրամասնել է, որ այս ամենին եկել են 44-օրյա պատերազմում պարտության բերումով․ «Հիմա ես այսօրվա իրավիճակը գնահատելով՝ կարող եմ ասել հետևյալը, որ մենք այսօր այդ պարտության միջով անցնելով՝ ձեռք ենք բերել անկախ ինքնիշխան պետություն ունենալու հնարավորություն»,- ասել է նա՝ հավելելով, որ չէր ուզի այս վերլուծությունների արդյունքում գան այն եզրակացության, թե ընկած նահատակների զոհողությունը ոչնչի մասին է եղել։
«Ես համաձայն չեմ այդ դիրքորոշման հետ և այս թեմայի մասին էլ եմ շատ երկար մտածել։ Եվ ձևավորվել է ինձ մոտ համոզմունք, որ այդ զոհողությունները Հայաստանի անկախության և ինքնիշխանության համար են եղել: Եվ մենք հիմա պարզապես պետք է կենտրոնանանք այդ զոհողության հնարավորությունը օգտագործելու վրա։ Ընդ որում, հեշտ չի լինելու»,- ասել է նա:
Նա նշել է նաև, որ տարածաշրջանում ՀՀ նկատմամբ ձևավորվել է մեծ նեգատիվ. «Եւ շատ կարևոր է, որ մենք կարողանանք այդ նեգատիվը կառավարել»։ Վարչապետը նաև նշել է, որ ինքներս մեզ ընկալենք որպես մեր խնդիրների լուծման առաջին գործոն, ոչ թե դիմել արտատարածաշրջանային գործոնի։
Վարչապետը նաև նշել է, թե նման հետևության եկել է ի պաշտոնե գործնական խնդիրներ լուծելով. «Կուզեի՝ ինքս այնքան խելոք լինեի, որ այս հետևություն արած լինեի տարբեր գրքերից, դասագրքերից, իմ կարդացածից ու սովորածից։ Բայց, ցավոք սրտի, ես այնքան խելոք չեմ, որ այդ ինֆորմացիան գլխի ընկնեմ, գլխի եմ ընկել վարչապետ լինելու ընթացքում ամենատարբեր գործնական խնդիրներ լուծելու և ամենատարբեր գործնական իրավիճակներ ու խոսակցություններից, նախադասություններից, որ արտահայտում են մտածողության ձևեր»։