ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է սահմանազատման գործընթացին՝ նշելով, որ այն 2024թ. շատ առարկայացավ. «Մենք Ադրբեջանի հետ առաջին երկկողմ միջպետական թուղթն ունենք, որը 2 երկրների ընթացակարգերով անցել է և դե յուրե հաստատվել»,- ասել է նա։ Ըստ վարչապետի՝ առաջիկայում կողմերը կենտրոնանալու են հայ-ադրբեջանական ողջ սահմանի սահմանագծման աշխատանքների վրա։
Նա անդրադարձել է նաև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին. «Նախագծում առկա 17 հոդվածից 15-ը համաձայնեցված են, 2-ի մասով առաջարկել ենք լուծումներ»,- ասել է վարչապետը։ Ըստ նրա՝ չհամաձայնեցված հոդվածներից մեկը վերաբերում է երրորդ երկրների ներկայացուցիչներին սահմանի երկայնքով չտեղակայելու հարցին․
«Մենք առաջարկում ենք այն կիրառել սահմանի սահմանազատված հատվածների տեղակայմամբ»,- ասել է նա։ Ըստ վարչապետի՝ խնդիր կա նաև միջազգային ատյաններից դատական հայցերը ետ կանչելու հարցում.
«Սա որոշակի հանգամանքներում մեզ համար կարող է ընդունելի լինել։ Գաղափարը հետևյալն է. ոչ միայն միջազգային ատյաններից ենք հետ կանչում, այլև վեճերից ենք հրաժարվում, որովհետև կարող է լինել իրավիճակ, երբ մենք հետ քաշենք, Ադրբեջանն էլ, այսինքն, պայմանավորվենք, որ մենք դա չենք տանում միջազգային ատյաններ, բայց հաջորդ փուլում Ադրբեջանը երկկողմ հարաբերություններում այդ հարցերը դնի սեղանին, և դրա շուրջ լինեն էսկալացիաներ։ Այդ պարագայում մենք մեր ճանապարհը փակած կլինենք էդ էսկալացիայի ռիսկը կառավարելու, միջազգային հարթակներն օգտագործելու համար»։