Քաղաքական

«Խոչընդոտ չկա». վարչապետը՝ ԼՂ բանակցային փաստաթղթերը հրապարակելու մասին

«Բոլորն այլոց են ասում՝ հրապարակեք փաստաթուղթը, բայց իրենք ունեն դրանք․ թող հրապարակեն»,- ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԼՂ բանակցային գործընթացի վերաբերյալ փաստաթղթերը հրապարակելու պահանջներին։ 

«Իրենք անհատ են, այդ թղթերն ունեն, դրանց վրա գաղտնի գրիֆ չկա, գաղտնիության ստորագրությամբ չի արձանագրված, իրենք սահմանափակում չունեն։ Այդ թղթերն ի մի են բերվում։ Էլի եմ ասել՝ այդ բանակցային պրոցեսները, որպես հատորներ, համակարգված, չկան։ Ցաք ու ցրիվ ինչ-որ թղթեր են, որ կտոր-կտոր պետք է հավաքել»։

 Ըստ նրա՝ վարչապետ ընտրվելուց հետո ստացել է թղթեր, սակայն վստահ չէ, որ դրանք ամբողջական են. «Ուրիշ թղթեր էլ կան, եղել է՝ մասնավոր մարդիկ մասնավոր ձևով ուրիշ թղթեր են փոխանցել։ Ես հանձնարարել եմ, և հիմա հատ-հատ ստուգում ենք բոլոր տեղերը։ Հիմա կարող ենք նաև հանրային ակնկալիքը բավարարելով՝ ինչ-որ փաթեթ հրապարակել, հետո պարզվի՝ մի ուրիշ բան էլ ուրիշ տեղ կա։ Խնդիրն է՝ հավաքել, ի մի բերել, դարձնել հատոր, հետո տեսնել, գնահատել ու որոշում կայացնել»։ 

Նրա խոսքով՝ թեև ինստիտուտները դեռ պետք է գնահատական տան, բայց իր դիտարկմամբ՝ խոչընդոտ պետք է չլինի։