ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցից։ Նրա խոսքով՝ դա եղել է խոսակցություն ոչ միայն ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրինագծի վերաբերյալ. «Եղել է խոսակցություն ԵԱՏՄ-ում ընթացիկ գործերի և մեր երկկողմ հայտարարությունների մասին»։ Ըստ վարչապետի՝ այդ խոսակցությունը հետևյալի մասին է եղել. «Փաստ է, որ ՀՀ քաղաքացիները ավելի քան 50.000 ստորագրություն են հավաքել և կոնկրետ հարց առաջադրել ԱԺ-ին ու կառավարությանը, որը համապատասխանում է ՀՀ կառավարության հայտարարություններին։ Եւ ես իմ համոզումն եմ հայտնել, որ մարդիկ կհավաքեն և 50.000 ստորագրություն, և 300.000 ստորագրություն։ Ու եթե ԱԺ-ն մերժի օրենքի ընդունումը, որոշ ժամանակ անց պետք է անենք հանրաքվե, որովհետև սահմանադրական կարգավորումները հստակ են»։ Նրա խոսքով, թե ինչու է ՀՀ քաղաքացիների մոտ նման ընկալումներ ձևավորվել, դա նաև ՀՀ-ՌԴ հարաբերությունների օրակարգի հարց է․ «Մեր խոսակցությունը եղել ու շարունակում է մնալ սրա մասին»։
Ըստ նրա՝ ՌԴ-ն այդ պրոցեսի մասով որոշ անհանգստություններ ունի. «Մեր խոսակցությունը, մեր հարաբերությունները երբեք չեն եղել և չեն լինի սպառնալիքների լեզվով։ Սա խոսակցություն է, բանակցություն, մենք դիրքորոշումներ ենք արտահայտում։ Էն, որ ՌԴ-ն ունի որոշակի անհանգստություններ, ակնհայտ է։ Էն, որ մենք էլ ունենք որոշակի անհանգստություններ ՌԴ դիրքորոշումների ու քաղաքականության հետ կապված, դա էլ է փաստ։ Որ մենք շարունակում ենք ՌԴ հետ երկխոսությունը, դա էլ է փաստ։ Էն որ շարունակելու ենք խորացնել հարաբերությունները ԵՄ-ի հետ, դա էլ է փաստ»։
Նա շեշտել է, որ ԵԱՏՄ շրջանակներում պետք չէ անել քայլեր, որ հարցականի տակ կդնի ԵԱՏՄ բովանդակությունը. «Արդեն եղել են քայլեր, որ, մեր գնահատմամբ, կասկածի տակ են դրել ՀԱՊԿ գործունակությունը, նաև դա է պատճառը, որ ՀՀ-ն սառեցրել է իր մասնակցությունը կազմակերպությանը»։