ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետին, որ վերաբերում էր հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը։ Նա անդրադարձել է հայտարարություններին, թե եռակողմ հայտարարությամբ ՀՀ-ն պարտավորություն է ստանձնել, որ հաղորդակցության անվտանգությունը պետք է ստանձնի երրորդ ուժ՝ ՌԴ ԱԴԾ-ն. «Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետում նման բան չկա գրված, կա հակառակը․ գրված է, որ ՀՀ-ն երաշխավորում է անվտանգությունը»։
Նա նշել է, որ գրված չէ, թե ՀՀ իրավազորությունից դուրս պետք է լինի անցումը. «Նման բան չկա գրված, ՀՀ-ն երբեք որևէ փաստաթղթով, որևէ կերպ, մասամբ կամ ամբողջությամբ իր որևէ տարածքի նկատմամբ իր ինքնիշխանությունից ու իրավազորությունից ոչ միայն չի հրաժարվել, այլև որևէ կերպ չի համաձայնվել իր իրավազորության սահմանափակմանը»։
Անդրադառնալով հայտարարությունում ՌԴ ԱԴԾ մասին հիշատակմանը՝ նա նշել է. «Ոչ մի տեղ գրված չէ, որ այդ ուժերը գետնի վրա պետք է ներկա լինեն»։