Քաղաքական

Շեշտվել է նորդիկ-բալթյան երկրների ութնյակի հետ ՀՀ փոխգործակցության ընդլայնումը

Հունվարի 30-ին Երևանում ՀՀ ԱԳ նախարարության Եվրոպայի վարչության պետ Սամվել Մկրտչյանի և Լիտվայի ԱԳ նախարարության Արևելյան հարևանության քաղաքականության վարչության պետ Մանտաս Յակիմավիչիուսի գլխավորությամբ տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Լիտվայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև:

Արձանագրելով Հայաստանի և Լիտվայի միջև առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը՝ կողմերը քննարկել են երկկողմ ոլորտային փոխշահավետ համագործակցությանը վերաբերող հարցեր։ Կարևորվել է տնտեսական, գիտակրթական և մշակութային փոխգործակցությունը, ինչպես նաև երկու երկրների համագործակցությունը միջազգային կազմակերպությունների շրջանակներում:

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հեռանկարներին՝ ընդգծելով այս ուղղությամբ Լիտվայի կողմից ցուցաբերվող շարունակական աջակցությունը: Երկուստեք շեշտվել է հետաքրքրությունը նորդիկ-բալթյան երկրների ութնյակի հետ ՀՀ փոխգործակցության ընդլայնման հարցում:

Եվրոպայի վարչության պետն իր գործընկերոջն է ներկայացրել ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի վերջին զարգացումները:

Խորհրդակցությունների ընթացքում կողմերն անդրադարձել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային և տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցերի։