«Երկուստեք մտահոգություններ ներկայացնող բոլոր հարցերի շուրջ Հայաստանը ներկայացրել է շատ կոնկրետ առաջարկներ ու լուծումներ և սպասում է Ադրբեջանի կառուցողական արձագանքին»,- հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Վրաստանի վարչապետի հետ հանդիպմանը։
«Հայաստանի կառավարությունը հաստատակամ է խաղաղության օրակարգն առաջ մղելու գործում և շարունակելու է ակտիվ ջանքեր գործադրել այդ ուղղությամբ»,- ասել է նա։ Վարչապետը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող սահմանազատման գործընթացի վերջին զարգացումները։ Նա տեղեկացրել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել սահմանազատման գործընթացի հաջորդ փուլը սկսել ՀՀ-Վրաստան-Ադրբեջան միջպետական սահմանների հատման կետի անմիջական հարևանությամբ։
Նրանք քննարկել են Հայաստանի ու Վրաստանի միջև սահմանազատման գործընթացն ակտիվացնելու հնարավորությունները և պայմանավորվել ջանքեր գործադրել այդ ուղղությամբ։
Ըստ վարչապետի՝ ՀՀ-ն շահագրգռված է տարածաշրջանային տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ։ Նա կարևորում է տարածաշրջանային ու արտատարածաշրջանային նախագծերում ներառականության ապահովումը. «Այդ համատեքստում առանձնացնում ենք Հայաստանի հետաքրքրությունն ու պատրաստակամությունը Սև ծովի էլեկտրական մալուխի նախագծին միանալու վերաբերյալ»։